ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքում ադրբեջանցիների ներկայությունը վտանգի տակ է դնում խմելու ջրի հասանելիությունը սահմանային բնակիչներին. ՄԻՊ (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական զինվորականների` ՀՀ ինքնիշխան տարածքում հանցավոր ներկայությունը խախտում է սահմանային բնակիչների իրավունքները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ադրբեջանցիները զենքի ցուցադրումով սպառնացել էին հովիվին, նրանց ներկայությունը վտանգի տակ է դնում սահմանային բնակիչների խմելու և ոռոգման ջրի հասանելիությունը, գիտենք, թե որքան բնակավայրեր են սնուցվում այդ ջրային պաշարներով: Խոսքը վերաբերում է ոչ միայն ոռոգման ջրին, կամ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների խմելու համար օգտագործվող ջրին, այլ՝ մարդկանց խմելու ջրին: Վտանգներ են առկա նաև Տեղ, Խոզնավար, Խնածախ, Վաղատուր գյուղերի համար, ինչպես նաև Սիսիան և Գորիս համայնքի գյուղերի համար»,-ընդգծեց նա:

Թաթոյանը նշեց, որ միջազգային կառույցներից ակնկալում է վճռական քայլեր՝ թույլ չտալու ադրբեջանցիների կողմից իրականացվող խախտումները: «Խնդրի հիմքում, որպես չափանիշ, պետք է դնել սահմանային բնակչին, և ամբողջը կառուցվի նրա իրավունքների շուրջ, քանի որ բնակիչները զրկվում են արոտավայրերի հնարավորությունից, իսկ շատ ընտանիքների միակ ֆինանսական աղբյուրը անասնապահությամբ զբաղվելն է: Նաև խնդիրներ են առաջանում ջրից և հողատարածքներից օգտվելու հետ կապված»,- ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ն ընդգծեց՝ ադրբեջանական իշխանությունները միջազգային կառույցներին ներկայացնում են կեղծ տեղեկություններ, Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ սահմանագծման, սահմանների ճշգրտման աշխատանքներ են կատարում:

«Սա իրենց քաղաքական գիծն է, մի քայլ անեն, տասը ցույց տան, տեղեկատվական դաշտում կեղծեն պատմությունը և այլն, սա կարևոր է, որովհետև դա տեղի է ունենում մեր քաղաքացիների իրավունքների հաշվին, որը մենք չպետք է թույլ տանք: Ինձ պետք է կոնկրետ տեղում իրականացնել փաստահավաք աշխատանք, մենք այսօր Գորիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ եղանք Սև լճի հարակից տարածքում և դիտարկեցինք այն վայրերը, որտեղ նրանք ներկա են: Բնակիչների հետ քննարկեցին խնդիրները և կազմելու ենք զեկույց՝ ուղղված միջազգային կառույցներին և թույլ չենք տալու, որ իրականությունը կեղծեն: Այսօր քննարկումներ ենք ունեցել Գորիս համայնքի Ակներ և Վերիշեն գյուղերի բնակիչների հետ, նրանց գլխավոր հետաքրքրող հարցը սահմանամերձ գյուղերy ճանաչելու հարցն է եղել»,-մանրամասնեց Թաթոյանը:

Նա նշեց, որ զեկույցները ներկայացնելու են ՄԱԿ-ի, ԵԽ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ԵԱՀԿ-ի՝ անվտանգությամբ զբաղվող բոլոր մարմիններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular