ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի խնդիրը պետք է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հնչեցնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին մի քանի օրերին թշնամին խախտել է   Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այդ կապակցությամբ երեկ Հայաստանի իշխանությունները դիմել են ՀԱՊԿ։

Այս  թեմայով զրուցել ենք քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

Հարցին, թե ՀԱՊԿ-ը ինչ կարող է անել այս ուղղությամբ, քաղաքագետը պատասխանել է․ « Մի դրվագ հիշեցնեմ. 2014-15 թվականներին Ադրբեջանն ինտենսիվ թիրախավորում էր Տավուշի սահմանը և ռմբակոծում սահմանամերձ գոտուց հեռու գտնվող բնակավայրեր, ընդհուպ Նոյեմբերյան քաղաքը, մենք ունեցանք քաղաքացիական զոհեր և այլն: Այդ ամենից հետո 2015 թվականի դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում՝ ՀԱՊԿ վեհաժողովի ժամանակ բաց տեքստով նախատեց մյուս երկրների ղեկավարներին, որ այնքան անտարբեր են, նույնիսկ հեռախոսով չեն փորձում տեղեկանալ իրավիճակի մասի, թե ինչ է կատարվում դաշնակից երկրի անվտանգության հետ: Դրանից հետո ՀԱՊԿ վարքագիծը չփոխվեց  և մենք, օրինակ, ունեցանք ապրիլյան քառօրյա պատերազմ, որի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների գործողությունները ավելի դաշնակցային էին Ադրբեջանի, քան Հայաստանի հանդեպ: Հետևաբար, ունենալ պատրանք, որ ՀԱՊԿ-ին դիմելով մենք ինչ-որ բան ենք ստանալու, չեմ կարծում, թե իրատեսական է: Հակառակը՝ կարող է ձևավորվել լարվածության մի նոր ուղղություն Հայաստանի համար, կշրջեն իրավիճակը, թե Հայաստանը լարվածություն է ստեղծում ՀԱՊԿ միջավայրում: ՀԱՊԿ-ի առումով կարծում եմ չպետք է պատրանքներ ունենալ, բայց պետք է մտածել այս խնդիրը միջազգային հարթակներում բարձրացնելու համար և, գուցե, արժի խորհել խնդիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հնչեցնելու մասին»։

Հարցին, թե այս դեպքում Ռուսաստանը չի ուզո՞ւմ միջամտել, թե՞ չի կարողանում ազդել այդ պատճառով է լռություն պահպանում, Հակոբ Բադալյանը  ասաց․ «Կարծում եմ, որ չի կարող և դրա համար էլ  չի ուզում, այսինքն՝ Ռուսաստանն ունի Ադրբեջանի և Թուրքիայի կարիքը մի շարք պատճառներով և դա ստեղծում է իրավիճակ, երբ Ռուսաստանը չի կարող կոշտ խոսել այդ երկրների հետ, համենայնդեպս, այս առումով՝ գոնե Կովկասի մասով, Ռուսաստանի կարմիր գծերը զգալիորեն  հետ են քաշվել և, քաղաքական իմաստով, Հայաստանը որոշակիորեն՝ նույնիսկ իր շահերով ու անվտանգության խնդիրներով, էապես դուրս է մնացել այդ կարմիր գծերից: Այս իրավիճակում Ռուսաստանը շարժվում է այն տրամաբանությամբ, որ պետք է փորձել պայմանավորվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ և հնարավորինս քաղել իր համար առավելագույնը, թե դա ի՛նչ հետևանք կունենա Հայաստանի համար՝ դժվար է ասել: Պետք չէ մտածել, սակայն, որ Ռուսաստանը բացարձակապես անտարբեր է դրա նկատմամբ, բայց զգալիորեն անտարբեր է, որովհետև պատկերացնում է, որ հետևանքների համար իր պատասխանատվությունը կարող է տեղափոխել Հայաստանի ներքաղաքական կյանքի դերակատարների վրա»:

Սոնա Գիշյան

 www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular