«Հայաստանն ամեն օր կորցնում է, և խոսքը միայն տարածքների կորստի մասին չէ». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Բազմաշերտ գործընթացի ենք ականատես լինում, որը բացահայտում է ինչպես մեր ներքին խնդիրների ամբողջ ողբերգական ծավալը, այնպես էլ մեր շուրջ տեղի ունեցող զարգացումները, որոնց թվում նաև անվտանգային ժամանակակից համակարգերի փոփոխության փաստն է: Անդրադառնալով Սյունիքում, ինչպես նաև Գեղարքունիքի սահմանային մի շարք հատվածներում ստեղծված իրավիճակին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը:
«Մենք գործ չունենք զուտ մեկ միջադեպի հետ. բազում շերտեր ունեցող խորքային ու կարևոր հարց է սա: Նախ՝ ֆիքսենք, թե ինչ է անում Ադրբեջանը: Ադրբեջանն այս պահի դրությամբ միանգամից մի քանի խնդիր է լուծում: Առաջին՝ նրանք ամրացնում են իրենց դիրքերն Արցախի Հանրապետության՝ իրենց կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում: Այսինքն, զորք են տեղակայում այդտեղ, փորձում են առաջնագիծ ձևավորել և այնպիսի առաջնագիծ ունենալ, որ մի կողմից՝ հնարավոր պատերազմի դեպքում իրենց համար հեշտ լինի պաշտպանել Քարվաճառի շրջանը, մյուս կողմից՝ որ կարողանան հնարավորություն ունենալ ճնշումներ գործադրել մեր դիրքերի վրա՝ Սյունիքի և Գեղարքունիքի ուղղությամբ: Այսինքն, բարձրադիր դիրքեր են գրավում, որ կարողանան գերակայություն ունենալ հայկական ԶՈւ-երի նկատմամբ: Մյուս խնդիրը, որն այս պահի դրությամբ լուծում է ադրբեջանական կողմը, զուտ հոգեբանական, տեղեկատվական ու քարոզչական է, որը, եթե չասենք երեք, ապա առնվազն երկու հասցեատեր ունի:
Դա նախևառաջ հայ բնակչությունն է, որին ադրբեջանցիները ցանկանում են հոգեպես ճնշված վիճակում պահել՝ ցույց տալով, որ իրենք հաղթել են, և հիմա թելադրողն Ադրբեջանն է: Երկրորդ՝ Ալիևն իր հայրենակիցներին փորձում է ցույց տալ իր քաղաքականության արդյունավետությունը: Երրորդ հասցեատերը միջազգային հանրությունն է, որին ցույց է տալիս, թե կան խնդիրներ, և այդ խնդիրների մեջ կա մի կարևոր հարց, որը հիմա փորձում են լուծել: Այն է՝ լեգիտիմացնել Խորհրդային Միության տարիներին գծված քարտեզները, որոնք պրոադրբեջանական են և որևէ առնչություն չունեն մեր պետական շահերի հետ»,-ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է արդեն օրեր շարունակ առկա իրավիճակից բխող ներքին խնդիրներին, քաղաքագետը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Ցավոք, այս պարագայում մենք տեսանք մեր պետականության իսպառ բացակայությունը թե՛ սահմաններ պաշտպանելու, թե՛ մեր անվտանգությունն ապահովելու գործում: Ադրբեջանցիները մի քանի կիլոմետր առաջ են գալիս այն տարածքներով, որտեղ պետք է կանգնած լինեին մեր զորքերը: Այդ հատվածները պետք է կահավորված ու պաշտպանված լինեին, բայց ադրբեջանցիները, որևէ դիմադրության չհանդիպելով, փաստորեն, գալիս տեղավորվում են և սկսում ինչ-որ բաներ բանակցել: Իսկ բանակցությունների փաստն արդեն իսկ վտանգավոր է մեզ համար, երբ հարցը հետառաջ գնալուն է վերաբերում: Մյուսն աշխարհաքաղաքական հարթությունն է: Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, և այս իմաստով գործընթացները կարող են զարգանալ ամենատարբեր սցենարներով: Սկսած նրանից, որ Հայաստանը, որպես պետություն, պարտական դառնա ՀԱՊԿ-ին, հատկապես Ռուսաստանին՝ արդեն նաև ՀՀ տարածքում անվտանգության ապահովման տեսանկյունից: Մյուս կողմից, եթե ՀԱՊԿ-ը չկարողանա համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակին, այդ փաստից օգտվելու է արևմուտքը՝ ԱՄՆ-ն և Եվրոպան, որոնք արդեն իսկ ակտիվ աշխատում են՝ ցույց տալու, որ տարածաշրջանում Հայաստանի համար ՀԱՊԿին այլընտրանք կա: Այդ կերպ փորձելու են ՌԴ-ին ճնշել ու դուրս մղել տարածաշրջանից»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելու ՀՀ որոշմանը, քաղաքագետը նշեց. «Ես չեմ կարծում, թե նման անհրաժեշտություն կար: Ադրբեջանցիները լոկալ հատվածում, ըստ էության, ոչ մեծաթիվ զորքով սահման են հատել: Ես առավել քան համոզված եմ, որ համապատասխան կամք ունենալու պարագայում մեր ԶՈւ-երը հեշտությամբ կարող էին այդ խնդիրը լուծել: Այդ ժամանակ արտաքին ուժերի միջամտությունը պարտավորություն կլիներ, հատկապես նրանց, որոնք որոշակի պարտականություն են ստանձնել մեր տարածաշրջանում կայունության համար: Հիմա, ըստ էություն, Հայաստանը ցույց է տալիս, որ անգամ փոքրիկ սպառնալիքն ինքնուրույն չի կարողանում լուծել: Փաստորեն, հիմնական գործառույթներից մեկը՝ պետության անվտանգության ապահովումը, վերահասցեավորում են արտաքին գործընկերներին, ինչն, իմ խորին համոզմամբ, անհետևանք չի մնալու: Դրա գինը մենք՝ որպես պետություն, անպայման վճարելու ենք: Մյուս կողմից՝ ի ցույց դրվեց նաև ՀՀ իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը՝ «մենք գործ չունենք, ռուսների խնդիրն է, թող գան, այդ հարցը լուծեն» տրամաբանության մեջ: Անպատասխանատու մոտեցում է դրսևորվել այս իշխանությունների կողմից, որը շատ լավ բնութագրում է նրանց մոտեցումները, որոնք ունեն առհասարակ պետական խնդիրների և մեր առջև ծառացած սպառնալիքների նկատմամբ»:
Քաղաքագետի դիտարկմամբ, մեր խնդիրների հիմնական պատճառներից մեկն այն է, որ այս իշխանությունն ի վիճակի չէ արձագանքել արտաքին մարտահրավերներին:«Եվ ոչ միայն ի վիճակի չէ, այլև ինքն է պետությանը պարբերաբար դնում այնպիսի իրավիճակներում, որոնց հետևանքով մեր ժողովրդի առաջ խնդիրներ են վեր է հառնում: Այս իրավիճակում շատ տարբերություն չէի դնի մեր պետության դեմ նպատակաուղղված գործող թշնամու և ապիկարության կամ նույնիսկ դավաճանության միջոցով թշնամուն նման հնարավորություն տվող ՀՀ իշխանությունների միջև: Փաստն այն է, որ երկուսի համագործակցությունն իրենց համար բավականին լավ է ստացվել և շատ կործանարար ազդեցություն ունի մեր պետության համար: Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ամեն Աստծո օր ինչ-որ բան է կորցնում, և խոսքը միայն տարածքների կորստի մասին չէ: Խոսքը նաև արտաքին գործընկերների կողմից վստահության կորստի, ինչպես նաև տնտեսության, հոգեբանական և բարոյահոգեբանական վիճակի մասին է: Մենք հիմա հետհաշվարկ ենք անում, որը, կարծես, վերաբերում է Փաշինյանի իշխանության կամ ընտրության օրերին»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ շեշտելով, որ իրականում այդ հետհաշվարկի մեջ այլ իմաստ է տեսնում՝ կապված մեր պետության հետ:
«Կարծես մեր պետության սկիզբն է դրված այդ հաշվարկում: Ես ավելի քան համոզված եմ և շարունակում եմ պնդել, որ այս իրավիճակում ընտրությունների գնալը, դավաճան իշխանությանը ևս ինչ-որ ժամանակով երկրում իշխելու հնարավորություն տալն անթույլատրելի բացթողում էր: Մեր քաղաքական ուժերը պարզապես իրավունք չունեին այդ ճանապարհով գնալ: Հիմա, երբ անգամ այդ ընտրությունների օրն է նշանակված, միևնույնն է, նստելն ու այդ ընտրություններին սպասելը չափազանց մեծ սխալ է, որը մեզ համար, ցավոք, անհետևանք չի մնալու»,-հավելեց քաղաքագետը:
Անդրադառնալով սահմանային իրավիճակի առիթն օգտագործելու և կրկին թե՛ ռազմավարական գործընկեր երկրին, թե՛ նաև ընդդիմադիր կոնկրետ բևեռներին մեղադրելու շահարկումներին՝ քաղաքագետը նշեց. «Սա, իհարկե, ստոր քաղաքականության հետևանք է: Որևէ մեկը չի կարող բացատրել, թե ի՞նչ մեղք ունի ընդդիմությունը, երբ Սյունիքի սահմաններում հայկական զորք չկա ու Ադրբեջանի զինված ուժերն առանց որևէ դիմադրության անցնում են այն: Ընդդիմությո՞ւնն է զորքին հրամայել հետ կանգնել կամ չկահավորել, չպաշտպանել սահմանը: Իրականում հասկանալի է, որ նման բան չկա: Սրանք ստոր շահարկումներ են, որոնք բնութագրում են այս իշխանություններին: Այդ շահարկումները, իրենց ստորությունը բացահայտելուց բացի, ուրիշ ոչ մի նշանակություն չունեն»:
Աննա Բադալյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում