ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գնալով ավելի ցավոտ սադրանքներ են լինելու՝ Վարդենիսից մինչև Գորիս». Հրաչյա Պետրոսյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին ռազմական օգնության համար:

168.am–ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցն ասաց, թե սրանից կարելի է ենթադրել, հավանականությունը մեծ է, որ ադրբեջանական զորավարժության նպատակը հարձակումն է Հայաստանի վրա։

Նշենք, որ Ադրբեջանը մայիսի 16-20-ն օպերատիվ-տակտիկական զորավարժություններ է անցկացնելու:

Ըստ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության՝ մայիսի 16-20-ն անցկացվելիք վարժանքներին ներգրավվելու է շուրջ 15000 անձնակազմ, մինչև 300 միավոր տանկ և զրահատեխնիկա, 400 միավոր հրթիռահրետանային միջոց, 50 միավոր ավիացիոն միջոց և տարբեր ԱԹՍ-ներ։

 

Թե որքանով է հնարավոր Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական վերջին օրերի սադրանքների ֆոնին ռազմական գործողությունների իրականացումը, վերլուծաբանը նշեց. «Օրինակ, մեր կողմից պատասխան գործողություն չսկսելու միակ տարբերակը, որ ՀԱՊԿ-ն մինչև վաղը ռազմական օգնություն ուղարկի»:

Այս համատեքստում Պետրոսյանցը, առհասարակ, անդրադառնալով մեր երկրի՝ պատերազմին պատրաստ լինել-չլինելու հարցին, շեշտեց. «Մենք ոչ թե ի վիճակի չենք, որ չունենք ԶՈւ, սպառազինություն կամ մարտական խնդիրների կատարմանը պատրաստ անձնակազմ, այլ ի վիճակի չենք, որովհետև մենք դաժանորեն պարտվում ենք տեղեկատվական-հոգեբանական պատերազմում»:

Ինչ վերաբերում է ադրբեջանական սադրանքներին, ապա, ըստ Պետրոսյանցի, ռազմական սադրանքներ լինելու են միշտ ու գնալով ավելի ցավոտ սադրանքներ են լինելու։

«Դրանք հավանական են Վարդենիսից մինչև Գորիս, և նպատակն իրավիճակի ապակայունացումն է, այսպես ասած, ամբողջ Զանգեզուրում»,- ընդգծեց ռազմական վերլուծաբանը:

Իսկ այն, որ հայկական դիրքերը կահավորված չեն, կամ չկան ձևավորված դիրքեր, բնագիծ, դա զինված ուժերի խնդիրն էր:

Անդրադառնալով ՀՀ պետական սահմանն Ադրբեջանի կողմից խախտելու փաստերին, պահեստազորի փոխգնդապետն ասաց, որ փաստացի զինված հարձակում չի եղել։ Այսինքն, մարտական գործողություններով չեն ստիպել մեր զորքերին հետ քաշվել։ Իսկ պետական սահմանը խախտած զինվորական համազգեստով անձանց մենք կարող էինք ձերբակալել:

«ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված պետական սահմաններից այս կողմ ցանկացած ներթափանցում հանդիսանում է սահմանախախտում, և մենք իրավունք ունենք ձերբակալելու սահմանախախտներին»,- նշեց նա:

Իսկ թե ինչո՞ւ դա չի արվել, արդյո՞ք այստեղ դիտավորություն կա, կամ հետևանք է քաղաքական ինչ-ինչ պայմանավորվածությունների, Պետրոսյանցն ասաց՝ դա քաղաքական հարց է, ըստ այդմ՝ չի կարող պատասխանել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular