Պուտինը շատ բան է արել Ղարաբաղյան հակամարտությունը դադարեցնելու համար. Վոլոդին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ բան է արել Ղարաբաղյան հակամարտությունը կանգնեցնելու համար։ Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի կայքում։
Վոլոդինը նշել է, որ այդ հակամարտությունը կարող էր վերածվել սարսափելի իրավիճակի:
Հայաստանի խորհրդարանի խոսնակն էլ իր հերթին հայտնել է, որ Երևանին ու Մոսկվային կապում են հատուկ, եղբայրական հարաբերությունները, որոնք հիմնված են բազմադարյա պատմության վրա:
«Դրանք ռազմավարական գործընկերների, դաշնակիցների հարաբերություններն են։ Ես վստահ եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ այդ հարաբերությունները հետագայում դինամիկ կերպով կզարգանան և կամրապնդվեն», - ասել է Միրզոյանը ։
Հանդիպման ընթացքում Վոլոդինը նաև հույս է հայտնել, որ երկխոսությունը կշարունակվի հուլիսի 1-ին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: