ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի դեռ ռազմագերիները չեն վերադարձվել Հայաստանը չպետք է որևէ զիջումների գնա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կատարած այցից հետո աշխատանքայինայցով մեկնել է նաև Բաքվու։ Այնտեղ Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը  երեկ՝ մայիսի 11-ին, հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ քննարկել են հայ ռազմագերիների և Հայաստանի կողմից Ադրբեջանին տրվող Արցախի ականապատված տարածքների քարտեզների հարցը։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

 —  Պարոն Բաղդասարյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք ասուլիսի ժամանակ երկու կողմի հնչեցրած հայտարարությունները։

—  Ես  Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը գնահատում եմ  որպես ռազմագերիներին վերադարձնելու բաց տեքստով մերժում։ Այսինքն,  դա  գնահատում եմ որպես  այդ աստիճանի անթաքույց կերպով  հրաժարվում  նոյեմբերի 10–ի հայտարարություններից։  Եվ կարծում եմ, որ և Հայաստանը, և  Ռուսաստանը այդ հարցում անելիք ունեն, որովհետև դա եռակողմ հայտարարություն է։

— Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, թե բոլոր հայ ռազմագերիներին իրենք վերադարձրել են, և հայկական կողմին մեղադրել է ռևանշիստական քայլերի դիմելու համար։ Նման հայտարարությունից հետո Հայաստանը ի՞նչ երաշխիք ունենա, որ Ադրբեջանը կվերադարձնի ռազմագերիներին։

— Այդ հարցում Հայաստանը ընդհանրապես ոչ մի երաշխիք ունենալ չի կարող։ Առավել ևս այս իշխանությունների պարագայում, որովհետև  այսօրվա իշխանությունները կարծես թե չեն համարձակվում որևէ հարցով  առարկել Ադրբեջանի իշխանություններին և պատահական չէ, որ անգամ այս՝  Սյունիքով  անցնելիք ճանապարհների հարցը  ադրբեջանցիները քննարկում են Ռուսաստանի հետ, պատճառաբանելով, թե իբր հայկական  երկաթուղին պատկանում է Ռուսաստանին, մինչդեռ ակնհայտ է, որ Ռուսաստանին է պատկանում միայն երկաթուղին և ոչ թե այն տարածքը,  որի վրա գտնվում է այդ երկաթուղին։ Այս տարածքի բացառիկ սուվերենությունը միայն մեզ է պատկանում  և  բնականաբար այդ բանակցությունները պետք է մեզ հետ ընթանան  և  Ադրբեջանը ընդամենը այդպիսի պատճառաբանություններով ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ ընդհանրապես  արհամարհում է Հայաստանի իշխանություններին։

—Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե հայկական կողմը պատրաստ է տրամադրելու Լեռնային Ղարաբաղի ականապատված տարածքների քարտեզները՝ մարդասիրական խնդիրների լուծման նպատակով։ Ադրբեջանի նման հայտարարությունների ֆոնին պե՞տք է հայկական կողմը տրամադրի այդ  քարտեզները, թե՞ պետք է, ասենք, ռազմագերիների վերադարձի նախապայմանն  առաջադրի։

—  Իհարկե, կարող է և  ոչ թե կարող է, այլ պարտավոր է այդպիսի նախապայման  առաջարկել և ընդհանրապես չեմ կարծում, որ հայկական  կողմը պետք է ինչ-որ  զիջումների գնա, քանի դեռ ռազմագերիները չեն վերադարձվել։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular