ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պետք է ի վիճակի լինենք ինքնուրույն պաշտպանելու մեր սահմանները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած նրան, որ  ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլեր իրականցնելու համար  Հայաստանը դիմել է  ՀԱՊԿ-ին, սակայն ի տարբերություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի,  Հնդկաստանի, Ռուսաստանն ու ՀԱՊԿ որևէ այլ անդամ խախտող կողմին մինչօրս  որևէ կոչ  չի արել  հետ  քաշել զինված ուժերն  ու սադրանքների չգնալ։ 

 Այս թեմայով զրուցել ենք  «Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։ Հարցին, թե քաղաքագետն ինչպես կմեկնաբանի այս իրողությունը Բենիամին Պողոսյանը պատասխանել է․«Եթե Ռուսաստանի դիրքորոշումն ենք նայում, ապա երեկ էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ իրավիճակի սրման անհրաժեշտություն չկա ու այս ամենի պատճառն այն է, որ սահմանները սահմանազատված ու սահմանագծված չեն ու այս պարագայում ՌԴ-ն պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ, խորհրդատվություններ ու քարտեզագիրներ տրամադրել։ Այսինքն, եթե ձեր միջև միայն քարտեզային «վեճ» է ու Հայաստանը չի ընդունում Ադրբեջանի ներկայացրած քարտեզները, իսկ Ադրբեջանն էլ՝ Հայաստանի ներկայացրածը, ապա ես կօգնեմ՝ կողմնորոշվեք, որ քարտեզն եք հիմք ընդունում ու կլուծեք ստեղծված խնդիրը։ Փաստորեն, խնդիրը ոչ թե միանշանակ վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը, ինչքան որ կրում է «քարտեզային վեճի» տարրեր։ Հիմա, ստացվում է, որ մենք այս իրավիճակում դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ ասելով, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր տարածքները, Ադրբեջանն էլ կապ է հաստատում կառույցի անդամ պետությունների հետ ու ասում՝ նայեք սա խորհրդային ժամանակների քարտեզներն են, սրանք Հայաստանի տարածքները չեն ու Հայաստանն ինքն է համաձայնվել սահմանագծումն ու սահմանազատումն իրականացնել դրանց հիմքով։ Բնականաբար այսքանից հետո հարց է առաջանում, եթե խնդիրները քարտեզների մեջ են, ապա այդ դեպքում ի՞նչ կապ ունի ՀԱՊԿ-ը, ի՞նչ կապ ունի ռազմական օգնությունն ու ՀԱՊԿ մեխանիզմների գործարկումը»։

Անդրադառնալով այն հարցին, թե  ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի կողմից ինչ պատասխան պետք է սպասել և հայկական կողմը ինչ կարող է անել քաղաքագետը պատասխանել է․ «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ եթե ի վիճակի չես քո սահմանները պահել, ով պետք է գա և մեր փոխարեն ռազմական գործողություններ սկսի ադրբեջանական զորքի դեմ:Պետք է շնորհակալ լինենք Ֆրանսիայի նախագահին՝ կոշտ հայտարարության համար, որը մեծ դեր է խաղում, բայց Ֆրանսիան պատրա՞ստ է այստեղ ուղարկել զինված ուժեր, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահման ներխուժած ադրբեջանական զորքի դեմ ռազմական գործողություն սկսի, ես խիստ կասկածում եմ:Դու ինքդ պետք է ի վիճակի լինես պաշտպանելու քո սահմանները, ոչ թե հույսդ դնես ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի վրա: Եթե մենք դիմադրեինք, զոհեր տայինք ու ադրբեջանցիներն առաջ գային, դա մեծ հիմք էր ՀԱՊԿ-ին դիմելու՝ ռազմական օգնություն խնդրելու համար՝ ասելով, որ տեղի է ունեցել հարձակում, ունենք զոհեր, մարդիկ մեր տարածքներն օկուպացնում են, բայց եթե դու կրակոց չես արձակում, մարդիկ անարգել առաջ են գալիս՝ հարց է առաջանում. եթե դրանք քո տարածքներն են, ինչո՞ւ դրանք պաշտպանելու համար ոչ մի կրակոց չես արձակում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular