Նախ` ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացում, հետո` տարածքների վերադարձ, բայց դեռ հարց է, թե ով ում պետք է վերադարձնի.«Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը
– ՀՀ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն ԼՂ կարգավիճակի որոշման պարագայում: Ըստ էության, սա նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է հանձնել տարածքներ:
– Ես կխնդրեի շատ ուշադիր կարդալ այն, ինչ ասել է Վլ. Հակոբյանը: Նա առաջին կետով հստակ նշել է, որ մնացած բոլոր խնդիրները կարող են առարկայական քննարկման դրվել բացառապես այն ժամանակ, երբ կորոշվի ԼՂ ինքնորոշման իրավունքը: Դիվանագիտական, քաղաքագիտական առումով սա շատ գրագետ պատասխան է: Այսինքն՝ նախ պետք է Ադրբեջանը ճանաչի ԼՂ ինքնորոշման իրավունքը ու ԼՂ–ն դառնա բանակցությունների սուբյեկտ, և հետո միայն առարկայական կդառնա տարածքների վերադարձի հարցը: Ընդ որում, չի նշվում ում կողմից ում վերադարձի հարցը: Չմոռանանք, որ կան նաև Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂ տարածքներ:
– Մոտ երկու շաբաթ առաջ «Россия сегодня»–ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել էր Կազանի փաստաթղթի մասին և ասել, որ քննարկվում էր` անվտանգության գոտի հանդիսացող յոթ տարածքների վերադարձի հարցը` ԼՂ անկախության դիմաց:
– Նախ, Կազանի փաստաթղթի մասին եկեք մոռանանք: ՀՀ նախագահը նույնպես իր ձևակերպումներում շատ զգույշ է և հստակ: Անվտանգության գոտուն անդրադառնալիս խոսքը ամենևին այն մասին չէ, որ մենք տարածքները վերադարձնում ենք: Կրկին առաջին պլան է գալիս իրավունքի ճանաչման խնդիրը:
– Մինչ այժմ Հայաստանը կողմ է եղել խնդրի փաթեթային լուծմանը` բոլոր հարցերը լուծվում են միաժամանակ, կոպիտ ասած, «ես քեզ, դու ինձ» սկզբունքով: Իսկ եթե այժմ ասում ենք, որ ինքնորոշման իրավունքը ճանաչելուց հետո միայն կբանակցենք այլ հարցերի շուրջ, արդյո՞ք չի նշանակում, որ մենք առաջարկում ենք նոր փուլային տարբերակ:
– Մեզ համար ամենակարևորն այն է, որ ճանաչեն ԼՂ ինքնորոշման իրավունքը: Մնացած հարցերը` հետո:
– Իր խոսքում նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է Հայաստանի և ԼՂ միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը: Ընդ որում՝ խոսքը սոսկ միացնող ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ և անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգությունից:
– Այո, շատ ճիշտ ձևակերպում է: Ուշադրություն դարձրեք` խոսքը ճանապարհի մասին չէ, այլ ցամաքային անվտանգ տարածքի: Հիմա այդ տարածքը Դուք կհասկանաք Օմարից մինչև Արաքս, թե մեկ այլ բան, Ձեր իրավունքն է: Բայց փորձել ասել, թե Վլ. Հակոբյանը էլի խոսում է զիջումների մասին, իմ կարծիքով` ճիշտ չէ:
– Իսկ երբ խոսվում է անվտանգության ապահովման մասին, ըստ Ձեզ` ո՞վ և ինչպե՞ս պետք է ապահովի այն:
– Առաջին հերթին ԼՂ Պաշտպանության բանակը և նրա ազատատենչ ժողովուրդը: Երկրորդը` ՀՀ–ն, որն այս պահին ԼՂ անվտանգության երաշխավորն է: Երրորդը` համայն հայությունը, որի համար ԼՂ–ն արդեն իսկ հայրենիք է և միայն չորրորդ հերթին` միջազգային հանրությունը, որը պարտավոր է միջազգային օրենքներին համապատասխան այդ խնդիրներին լուծում տալ:
– Իսկ միջազգային հանրություն ասելով` նկատի ունեք խաղաղապահ ուժերի՞ տեղակայում:
– Ոչ: Խոսքն ամեևին խաղաղապահների մասին չէ, որովհետև համաշխարհային առկա կոնֆլիկտների մեջ Արցախը միակն է, ով իր պաշտպանությունն իրականացնում է բացառապես իր բանակի միջոցով: Այլ ուժեր չկան, դրանց գոյության անհրաժեշտությունն էլ չկա: Ու այս առումով ԼՂՀ–ն ոչ թե անվտանգության սպառող է, այլ արտադրող: Բավական է` միջազգային օրենքները ճիշտ կիրառվեն, ԼՂ–ն ինքն իր պաշտպանության բոլոր հարցերը կլուծի` առանց որևէ արտաքին ուժի միջամտության:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: