ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հաստատեց՝ մամուլում շրջանառվող փաստաթուղթն է քննարկվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ Ադրբեջանի գործողությունների նպատակը սահմանային ռազմական բախում հրահրելն էր՝ ՀՀ ինքնիշխան տարածքի Սյունիքի մարզի ամենանեղ հատվածում, որը մոտավորապես 26 կմ է, և շղթայական ռեակցիայով ժամերի ընթացքում այդ ռազմական գործողությունները տեղափոխել ՀՀ տարածքի խորք. «Իրադրությունը գնահատելով՝ մենք որոշել ենք գնալ իրադրությունը հսկողությունից բաց չթողնելու և դիվանագիտական եղանակներով հարցը կարգավորելու ճանապարհով, և մեր գործադրած դիվանագիտական ջանքերի արդյունքում, ընդ որում՝ սա այն դեպքն է, որ կարող եմ միանշանակ և աներկբա կառավարության գործողությունները գնահատել թիմային, համակարգված և արդյունավետ, որովհետև միջազգային հանրության շրջանում, ըստ էության, իրավիճակի վերաբերյալ կա կոնսենսուս, որով արձանագրվում է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների ապօրինությունը և Հայաստանի ինքնիշխան տարածքը նրանց լքելու անհրաժեշտությունը»:

Փաշինյանի խոսքով՝ իրենց դիրքորոշումը այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն ՀՀ տարածքը՝ առանց նախապայմանների. «Կա փաստ, որ մենք չունենք դելիմիտացված և դեմարկացված սահման՝ Ադրբեջանի հետ, այստեղ ծագում է մի շատ կարևոր հարց. Լավ, այս իրադրությունը լուծեցինք, եթե հաջորդ պահին էլի նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն, ամեն անգամ մենք այսպիսի միջազգային աղմուկ, կոնսենսուս ձևավորելու ճանապարհո՞վ ենք գնալու: Ի վերջո, մենք ունենք մի իրադրություն, որը ձևավորվել է բոլորիս հայտնի հանգամանքներում, և այդ իրադրությունը պետք է կառավարվի:

Այդ ընթացքում ձևակերպվել է առաջարկ՝ ձևավորել հանձնաժողով՝ եռակողմ, որ կզբաղվի այդ հարցերով: Ես կոռեկտ չեմ համարել, որ կառավարությունը աշխատանքային փաստաթուղթը, որ դեռ քննարկումների փուլում է, հրապարակի. դա ընդհանրապես, վատ և անլուրջ վիճակի մեջ կդնի որևէ կառավարության, բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ես ասեմ, որ այո, դա այն միակ և եզակի փաստաթուղթն է, որը 1.5-2 օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ: Այդ փաստաթղթի մեջ ո՞րն է ամենակարևոր դրույթը՝ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունները լուծում են ոչ թե ինչ-որ զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով: Ընդ որում՝ ես ուզում եմ ասել՝ արդյո՞ք սա նոր գաղափար է, ոչ, որովհետև ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից, հայտարարել եմ ԱԽ մայիսի 17-ի նիստում, երբ ասել եմ, որ Ադրբեջանը ուզում է, որ սահմանների ճշտման գործընթացը տեղի ունենա երկկողմ ֆորմատով, բայց քանի որ մենք Ադրբեջանի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, մեր դիրքորոշումն այն է, որ դա պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով:

Բայց մյուս կողմից, շատ կարևոր է, որ մենք արձանագրել ենք հետևյալ դիրքորոշումը, որ կամ այդ հանձնաժողովների ձևավորումը պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը կլքեն մեր երկրի տարածքը և կհայտնվեն մեր սահմաններից անդին՝ մայիսի 10-ի ստատուս-քվոյի համաձայն, կամ մենք փաստաթղթի մեջ կարձանագրենք այդպիսի դրույթ, որ ինչ-որ մի ժամկետում, ասենք՝ 3-4 օրում այդ զորքերի հետքաշման գործընթացը տեղի է ունենում: Սա է գործընթացի ամբողջ պատմությունը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular