ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի և Կանադայի արտգործնախարարները քննարկել են Արցախի հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյի՝ Ռեյկյավիկում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին ասվում է Արկտիկայի խորհրդի նախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Այս հանդիպումը նախարարների առաջին առերես շփումն էր Գարնոյի կողմից այս տարվա հունվարին պաշտոնը ստանձնելու պահից ի վեր։

 

«Գարնոն կրկնել է, որ Կանադան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում նվազեցնել լարվածությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Գարնոն Լավրովին հայտնել է Ղրիմի վերաբերյալ Օտտավայի հայտնի դիրքորոշումը, մտահոգություն է հայտնել ուկրաինական սահմանի երկայնքով ռուսական զորքերի վերջին տեղաշարժերի կապակցությամբ, ինչպես նաև Մոսկվային կոչ է արել ազատ արձակել դատապարտված բլոգեր Ալեքսեյ Նավալնիին:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular