ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պետք է թանկ գին  պահանջի Ադրբեջանի ՀԱՊԿ անդամ դառնալու դիմաց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական կողմը  վերջին օրերին խախտելով ՀՀ  պետական սահմանի տարածքային ամբողջականությունը` մուտք է գործել Սյունիքի մարզի Սև լճի տարածք,  ինչի համար ՀՀ իշխանությունները, դիմել էին ՀԱՊԿ-ին  երկրորդ հոդվածով, ըստ որի  կա անվտանգության հետ կապված սպառնալիք։ Սակայն,  երբ  մենք սպասում ենք ՀԱՊԿ-ի կողմից պատասխանի՝ մենք ստանում ենք  Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոի այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։ Ռուս փոխնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վաղ թե ուշ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն։  Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

- Պարոն Բաղդասարյան,  ինչո՞ւ է Ռուսաստանն ամեն գնով փորձում Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնել։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Ռուսաստանը։

— Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնելը ի սկզբանե  եղել է Ռուսաստանի նպատակներից մեկը և  հնարավոր է նույնիսկ, որ դա է պատճառներից մեկը, որ Ռուսաստանը, մեղմ ասած, չխոչընդոտեց Արցախյան երկրորդ պատերազմին։ Այդ ամենի պատճատռները հասկանալի է՝  Ռուսաստանը փորձում է  ընդլայնել իր ազդեցությունը, որովհետև ՀԱՊԿ-ը Ռուսաստանի ազդեցության տակ  գտնվող ռազմական կառույց է, որով Ռուսաստանը  փորձում է ինչ-որ հակակշիռ ստեղծել ՆԱՏՕ-ին, իհարկե   մասշտաբները տարբեր են, բայց ամեն դեպքում նպատակը դա է  և Ռուսաստանի համար կարևոր է Ադրբեջանի  անդամակցությունը։

-Ձեր կարծիքով, արդյոք Ադրբեջանը, միայն Հայաստանի շահերի ոտնահարելու համար, պատրաստ է անդամակցելու ՀԱՊԿ-ին և այս դեպքում Հայաստանն ինչպե՞ս կարող է  դիմակայել Ռուսաստանի ու Ադրբեջանի ճնշումներին։

— Հայաստանը չի կարող դիմակայել։ Հայաստանը պետք է պարզապես փորձի հնարավորինս թանկ գին  պահանջել դրա դիմաց և  ստանալ որոշակի  զիջումներ  Ադրբեջանի հետ հարաբերություններում,  հայ-ադրբեջանական սահմանային հարաբերություններում,  Արցախի հարցում և այլն, որովհետև հակառակ դեպքում Հայաստանը պարզապես կարող է վետո դնել, իսկ ՀԱՊԿ-ում այդպիսի հարցերը լուծվում են կոնսենսունսով։

-Պարոն Բաղդասարյան, եթե այնուամենայնիվ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ  հաստատվեն։ Երկու երկրների միջև իսկապես խաղաղություն լինելո՞ւ է, թե՞ Ադրբեջանն էլի ոտնձգություններ է թույլ տալու։

—  Դիվանագիտական հարաբերությունների հնարավոր կլինի հաստատել միայն մի քանի պայմանների իրականացման դեպքում։ Խնդիրը միայն ռազմագերիների վերադարձը, սահմանի ճշգրտումը չի,  առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ Արցախյան խնդիրը լուծված չէ,  քանի դեռ կարգավիճակը հստակեցված չի և քանի դեռ այդ հարցում  իրենց տեսակետները չեն համընկնում, չեմ կարծում, թե  դիվանագիտական հարաբերություններ հնարավոր կլինի վերականգնել։

-Սյունիքի մարզի իրադարձությունների վերաբերյալ աջակցություն նկատվեց Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հայաստանն այս հարցով այդպես էլ չդիմեց ՄԱԿ-ին:

—  Ես չգիտեմ՝ ինչու չի դիմել ՄԱԿ-ին, կարծում եմ, որ դա ելքերից մեկը կարող էր լինել։ Բայց ես չեմ էլ կարծում, թե ՄԱԿ-ը գործուն աջակցություն կցուցաբերեր, որովհետև  ամեն դեպքում արևմուտքը սա համարում է  Ռուսաստանի ազդեցության տարածք  և այդ խնդիրները պատահական  չի, որ հիմա էլ լուծվում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջոցով, այսինքն այդ տիրույթում են։

-Վերջերս Եվրոխորհրդարանը 607 պատգամավորների կողմ ձայներով բանաձև ընդունեց, որով կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ ուժ կունենա այս բանաձևը և ինչ ազդեցություն կունենա ադրբեջանական կողմի վրա։

—  Ես կարծում եմ, Ադրբեջանի համար, իր այս րոպեական շահերը ավելի կարևոր են , քան  Եվրոպական կառույցների փաստաթղթերը։ Եվ որքան էլ դրանք մեզ համար  մեծ նշանակություն ունենան՝ կարծում եմ ադրբեջանցիները կգերադասեն  այդ ռազմագերիների դիմաց, Հայաստանից  լրացուցիչ զիջումներ կորզել  և իրենք դա շատ ավելի են կարևորում,  քան Եվրոպայի բացասական  վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ։  Կարծում եմ, որ ամեն դեպքում ռազմագերիների  հարցը կլուծվի  այլ տիրույթում և ոչ թե  միջազգային կառույցների ճնշման տակ։

Սոնա Գիշյան

www.1or.am  

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular