ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չկա մի փաստաթուղթ, որը երբևէ կարող է 100 տոկոսով բխել պարտված կողմի շահերից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ՝ հասկանալու համար, թե որքանով է նման գործընթաց հնարավոր՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի ռազմատենչ և բռնապետական քաղաքականությունը։ Հարցին, թե քաղաքագետն ինչպես է գնահատում այդ հայտարարությունը Էմիլ Օրդուխանյանը պատասխանել է

«Ալիևը այդ հայտարարությունն անում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում՝ խախտելով Հայաստանի սահմանները: Յուրաքանչյուրիս համար պարզ է, թե որն է Ալիևի պատկերացրած խաղաղությունը: Առավել ևս, որ դեռևս նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ ռազմագերիները և Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձինք չեն վերադարձվել: Ադրբեջանը տարբեր պատրվակներով նրանց շարունակում է պահել իր մոտ: Այնպես որ, եթե նա խոսում է խաղաղության մասին, նրա պատկերացրած խաղաղությունը վստահաբար տարբերվում է մեր պատկերացրած խաղաղությունից»։

Անդրադառնալով վերջին օրերին համացանցում տարածված եռակողմ  փաստաթղթի կետերին և վարչապետի այն հայտարարությանը, որ այդ փաստաթուղթը 100 տոկոսով բխում է մեր շահերից` քաղաքագետը ասել է, որ քաղաքագիտության մեջ չկա մի փաստաթուղթ, որը երբևէ կարող է 100 տոկոսով բխել պարտված կողմի շահերից․

«Քաղաքագիտության կանոններին համապատասխան չի կարող որևէ փաստաթուղթ բխել այն պետության շահերից, որի տարածքային ամբողջականությունը խախտած հակառակորդը ռազմական ներկայություն ունի տվյալ պետության տարածքում: Սա շատ պարզ տրամաբանական իրավիճակ է: Հիմա եթե այդ փաստաթուղթը բխում է մեր շահերից, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը շահագրգիռ ստորագրել դա և խոսել խաղաղության մասին: Պարզ է չէ՞, որ այս պարագայում Ադրբեջանի շահերն ավելի շատ են հաշվի առնվելու, քան Հայաստանի շահերը: Դրա մասին են վկայում նաև Արևմուտքի տարբեր պետությունների, գերտերությունների, այդ թվում Իրանի, Հնդկաստանի արձագանքները ստեղծված իրավիճակին, որոնք փաստացիորեն ընդունում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, և այդ պայմաններում տեղին չէ խոսել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին: Լավ կլինի Արևմուտքից բազմաթիվ արձագանքներին հաղորդակից լինել, օգտագործել միջազգային բոլոր գործիքները՝ Ադրբեջանի ռազմական ներկայությունը Հայաստանի տարածքից դուրս մղելու ուղղությամբ: Սա պետք է լինի մեր արտաքին քաղաքականության օրակարգը, ոչ թե այս պայմաններում որևէ փաստաթղթի ստորագրման շուրջ խոսելը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular