ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ի գործողությունները բացարձակապես  չեն բխում իրավիճակից 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտյան շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող, երկու օր առաջ էլ  հայկական կողմն ունեցավ առաջին զոհը,  սակայն ՀԱՊԿ-ի կողմից  , որին Հայաստանը պաշտոնապես դիմել էր, գործնական քայլեր չեն արձանագրվում: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

—Պարոն Մեհրաբյան, ՀԱՊԿ-ի գործելաոճը համարժե՞ք է ստեղծված իրավիճակին, տեղի՞ն են Հայաստանի իշխանության այն  հույսերը, որ ՀԱՊԿ-ի միջոցով հարցը կկարգավորվի։

—  Գիտեք, ձեր հարցման մեջ կարծում եմ կար նաև հարցի պատասխանը,  ՀԱՊԿ-ի գործողությունները բացարձակապես  չեն բխում իրավիճակից, այն իրավապայմանագրային վարույթը, որը  Հայաստանին կապում է այդ կազմակերպության հետ  և այդ կազմակերպությունը գլխավորող Ռուսաստանին։ Ավելին, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը այս պայմաններում ոչ թե Հայաստանին  դաշնակից է հանդես գալիս,  նույնիսկ ոչ էլ միջնորդ, այն պարզապես փորձում է կորզել  առավելագույնը այս լարվածությունից։ Եվ այս հապաղումը միայն դրա մասին է։  Ինչ վերաբերում է մեր իշխանության դիրքորոշումներին, ապա  երեկվա և այսօրվա հայտարարություններից մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ իշխանությունների վարքի այս տրամադրվածությունը՝լուծել հարցը ՀԱՊԿ-ի միջոցով, ուղղակի մոտենում է ավարտին։ Եվ ուղղակի հրամայական է դառնում  այս հարցը այլ հասցեներով բարձրացնելը։

— Ազգային ժողովում տարբեր պատգամավորներ իրենց դժգոհությունն են հայտնել Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ՀԱՊԿ-ի արձագանքից կամ դրա բացակայությունից, սակայն ԱԺ նախագահը հայտարարեց, որ չի կարծում, թե ՀՀ դաշնակից երկրները չեն կատարում իրենց պարտականությունները, քանի որ ՀԱՊԿ-ը դեռ ունի ընթացակարգեր, մեխանիզմներ և ՌԴ-ի հետ երկխոսությունը շարունակվում է: Մյուս կողմից, կարծիքներ են հնչում, որ շատ արագ պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Արդյո՞ք  ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ  դիմելով կարող ենք այս հարցը  ավելի արագ լուծել։

—  Այս հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ  տեղափոխելով  մենք ստանում ենք շանս այս հարցը  լուծելու, չդիմելով՝ մենք ստանում ենք երաշխիք, որ մենք ուղղակի խրվելու ենք այս ճահճի մեջ, որում մենք հայտնվել ենք։   Սա ընդամենը պետք է դնել կշեռքի վրա և կշռել, թե որ կողմն է ավելի ծանր։

— Այս  պարագայում Հայաստանը բացի ՄԱԿ-ին դիմելուց ի՞նչ կարող է անել։

— Առաջինը, իհարկե, պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, պաշտոնապես, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։  Եվ երկրորդը, Հայաստանը բացի ՄԱԿ-ից անդամակցում է ևս մի կառույցի, դա Եվրոպայի անվտանգության և համագործակցության  կազմակերպությունն է և կարծում եմ՝ այնտեղ, այդ մշտական խորհուրդի  շրջանակներում պետք է  նախաձեռնել գործընթաց, որովհետև տվյալ իրավիճակը  խաթարում է և տարածաշրջանային  անվտանգությունը և խաղաղությունը։


Սոնա Գիշյան

www.1or.am 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular