ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն առաջին հերթին իր հույսը պետք է իր զինված ուժերի հետ կապի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց։ Հրաժարականին նախորդել էր սահմանային իրավիճակի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայացրած պլանը, որի համաձայն՝ Սոթքից մինչև Խոզնավար ընկած հատվածում և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի զինված ուժերը դուրս բերել, տանել մշտական տեղակայման վայրեր։ Սահմանի այդ հատվածներում առաջարկվում է դիտորդներ տեղակայել Ռուսաստանից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից՝ համոզվելու համար, որ կողմերը պայմանավորվածությունները կատարում են։ Այս թեմայով զրուցել ենք միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

Հարցին, թե արդյոք ԱԳ նախարարի հրաժարականը որևէ կապ ունի վարչապետի պլանի հետ մասնագետը պատասխանել է․ «Նախ ասեմ, որ ԱԳ նախարարի պաշտոնակատարի հրաժարականի մասին շատ վաղուց էր տեղեկատվություն տարածվել, բայց, կարծում եմ, հրաժարականն ավելի ուշ տվեց, քանի որ Հայաստանում էր Իրանի ԱԳ նախարարը և ճիշտ չէր լինի, եթե նրան դիմավորեր այլ պաշտոնյա, ոչ ԱԳ նախարար։ Կարծում եմ, որ բացառապես այս հանգամանքով պայմանավորված՝ նա մի քանի օր ավելի պաշտոնավարեց: Չեմ բացառում, որ ԱԳՆ-ում որևէ փաստաթուղթ չեն էլ տեսել, չեն էլ իմացել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանը կարող է մի բան բանակցել, որի մասին որևէ մեկը տեղյակ չէ, այդ թվում՝ այն գերատեսչությունը, որը պատասխանատու է ցանկացած տեսակի բանակցությունների համար։ Ներկայացված պլանի հետ միգուցե կապը կա, հնարավոր է, որ  եղել է նման քննարկում, հնարավոր է, որ նախարարը այդ պլանի  մի մասը գիտի։ Դժվար է ասել, քանի որ տեղեկատվությունը քիչ է, որպեսզի կարողանանք իրավիճակը ճիշտ վերլուծել։ Համենայնդեպս, ես կարծում եմ՝ ցանկացած ԱԳ նախարարի կամ ցանկացած նախարարի համար չափազանց բարդ է աշխատել այս միջավայրում»։  

Հարցին, թե միջազգայնագետը ի՞նչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նոր պլանի վերաբերյալ. և արդյոք այդ պլանը խոսում է այն մասին, որ Հայաստանն այլևս հույսեր չի կապում ՀԱՊԿ-ի հետ Սուրեն Սարգսյանը պատասխանել է․ «Կարծում եմ, որ Հայաստանն առաջին հերթին իր հույսը պետք է իր զինված ուժերի հետ կապի, որովհետև զինված ուժերի թիվ մեկ առաքելությունը, թիվ մեկ խնդիրը սահմանների անառիկությունը և տարածքային ամբողջականության ապահովումն է, որը մեր բանակը չի անում։ Եվ այս դեպքում ուրիշի վրա հույս դնելը մի փոքր անտրամաբանական է, մանավանդ որ մենք, այդուհանդերձ, ունենք զինված ուժեր։ Այնպես չէ, որ մենք չունենք զինված ուժեր, և մեր հույսը պետք է բացառապես ՀԱՊԿ-ի վրա դնել։ Բայց մենք հիմա գործ ունենք գլոբալ վախի և բարդույթի հետ, որը կարծես թե իշխանությունները չեն կարողանում հաղթահարել»։ 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular