ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբովյանում կատարվածից հետո արժանապատիվ մարդիկ չեն կարող ընտրել Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արժանապատվություն ունեցող մարդու համար ինքնասիրության հարց է՝ թույլ չտալ Փաշինյանի վերընտրությունը։ Երեկ համացանցում լուսանկարներ հայտնվեցին Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում կատարվողի մասին։ Հարյուրավոր զինվորների մասունքներ՝ պարկերի մեջ թափված էին դիահերձարանի պահեստներում, պատերազմի ավարտից յոթ ամիս անց։ Տեղեկությունը տարածվելուց հետո զոհված և անհետ կորած զինվորների ծնողները փորձել էին մուտք գործել մասնաճյուղի տարածք, սակայն ոստիկանական ուժերը շրջափակել էին կենտրոնը և թույլ չէին տալիս ծնողների մուտքը։ Իշխանությունն ու իր սազանդարներն էլ ժամեր շարունակ սոցիալական ցանցերում հերքում էին տեղեկությունը, քաղաքական ընդդիմախոսներին մեղադրում կեղծիքներ տարածելու մեջ։

Արդեն երեկոյան Առողջապահության նախարարությունը հաստատեց տեղեկությունը՝ ապացուցելով, որ կեղծիքն ու սուտը տարածում է իշխանությունը։ Ոչ պակաս լկտի և ցինիկ էր նախարարության, ապա և նախարարի պարզաբանումը։ «․․․մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն` հուղարկավորելու համար»,- նշել էին նախարարությունից, նաև որոշել աշխատանքային խումբ կազմել, որը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը։ Պարզ ասած՝ խումբը ստեղծելու են, որ պարզեն, թե ինչպես է համացանցում հայտնվել իշխանության կատարած սարսափելի արարքի մասին լուսանկարները։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում նշել էր, թե դա իր բացթողումն է, ներողություն էր խնդրել զոհերի հարազատներից։

«Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ»,- համենայն դեպս ասել էր նախարարը:

Նման տեղեկատվության տարածումն արդեն իսկ բավարար պիտի լիներ նախարարի հրաժարականի, իշխանության վերին օղակներին ամոթի պատին գամելու և պաշտոնազրկելու համար։ Արցախյան 44-օրյա պատերազմին տասնյակ հազարավոր հայորդիներ են մասնակցել, մոտ 5 հազար զինվորական ու կամավորական է մահացել։ Աստված մի արասցե, յուրաքանչյուրիս որդին կամ եղբայրը կարող էր լինել այդ զինծառայողների տեղում։ Եվ պետությունը, փաստացի, նույնիսկ չի կարողանում ապահովել իր զինվորների մասունքների պատշաճ և հարգալից պահպանումը, ամիսներ շարունակ մարմինները պահում է կարտոֆիլի պարկերի մեջ։ Իշխանության այլասերումն այլևս կայացած փաստ է, և օրեցօր նորանոր դրվագներ են ի հայտ գալիս։ Իսկ նույն այդ ընթացքում իշխող ուժը դեռ հավակնում է մնալ իշխանության ղեկին։ Դա կլինի հայ ժողովրդի մեծագույն ամոթը և վերջին մեխը հայոց պետականության դագաղին։

Գրիգոր Կարապետյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular