ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում աբսուրդային իրավիճակ է․ բոլորն ամեն ինչ կարող են հերքել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն երեկ հրաժեշտի հանդիպում էր կազմակերպել ԱԳՆ աշխատակազմի հետ, որի ընթացքում ներկայացրեց նաև իր հրաժարականի պատճառները։ Այվազյանը նշեց, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ-ն կարող է ինչ-որ «քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք Հայաստանի պետականության, հայ ազգային և պետական շահի դեմ են եղել»։ Նախարարի հրաժարականին հաջորդեն նաև փոխնախարարի և խոսնակի հրաժարականները։ Այս ամենի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

Անդրադառնալով այն հարցին, թե այս պայմաններում ԱԳ նախարարի փոփոխությունը ինչի կարող է հանգեցնել քաղաքագետը ասաց․ «Այս իրավիճակում ես չեմ կարծում, որ իրավական առումով հնարավոր է նոր նախարարի կամ նախարարի պաշտոնակատարի նշանակում՝ հաշվի առնելով այն, որ վարչապետն ինքն էլ պաշտոնակատար է։ Այս պահին, երբ Հայաստանի սահմաններում ինչ-որ գործընթացներ են գնում, որոնք ունենալու են երկարաժամկետ հետևանքներ երկրի համար, մի քիչ բարդ է պատկերացնել, որ այդ ամենով ինչ-որ պաշտոնակատար կամ ժամանակավոր պարտականությունները կատարող անձ է զբաղվելու։ Բացի դրանից, պարզ է, որ մեր գործընկերները կամ հակառակորդը չեն սպասելու, մինչև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կարգավորվի, ու նոր սկսեն սահմանների հստակեցման գործընթացը։ Մասնավորապես, Ադրբեջանը հիմա կփորձի հնարավորինս շատ բան պոկել՝ հասկանալով, որ դիմացի պետությունը գրեթե կազմալուծված է»։ 

Հարցին, թե արդյոք նախարարի պաշտոնակատարի կողմից ճիշտ էր առանց ավելի բաց խոսելու հեռանալ, քաղաքագետը պատասխանեց․ «Այստեղ երկու բաղադրիչ կա․ առաջինը՝  պետական գաղտնիք ասվածն է, երկրորդն այն է, որ մենք գտնվում ենք նախընտրական շրջանում։ Հիմա նախարարի կողմից ցանկացած հայտարարություն կմեկնաբանվի նախընտրական գործընթացների տրամաբանության մեջ։ Բացի այդ ամենից, մենք հիմա այնպիսի աբսուրդային իրավիճակում ենք գտնվում, որ ամեն բան կարելի է հերքել՝ օրինակ, եթե հիմա նախարարն ինչ-որ փաստաթուղթ հրապարակի ու նշի, որ սրա համար եմ հրաժարական տվել, քանի որ վարչապետն ուզում էր նման թուղթ ստորագրել, միաժամանակ վարչապետի պաշտոնակատարն էլ կարող է հայտարարել, որ ինքը նման փաստաթուղթ չի էլ պատրաստվել ստորագրել, նախարարն ուղղակի հերյուրանք է տարածում, նա անցել է նախկինների ճամբարը։ Այս ամենը թելադրում է մեր աբսուրդային իրավիճակը, երբ բոլորն ամեն ինչ կարող են հերքել ու ոչ ոք չի կարող հստակ հասկանալ, որ կողմն է ստում, որը՝ ոչ»։

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular