ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետին «խաբե՞լ» են.«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս աղմուկ բարձրացրեց այն իրադարձությունը, որ «Հայկական բարեգործական ընդհանուր միությունն» (ՀԲԸՄ) իր 110–ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպում է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ–տնտեսական զարգացման թեմայով: Սակայն այն մատուցվեց այլ կերպ` ՀՀ վարչապետը կպատասխանի ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Իհարկե, եթե հանդիպումն ընթանար այդ ձևաչափով, այն աննախադեպ կլիներ հայաստանյան իրականության մեջ:

Սակայն ստացվեց ճիշտ հակառակը: Օգտատերերի բազմաթիվ հարցերից հրապարակվեցին միայն մի քանիսը, որոնցից որոշներն էլ, ոչ թե հարց էին, այլ` կենաց: Փոխարենը, հանդիպմանը հավաքված էին մի քանի անհասկանալի անձինք և գործիչներ: Որոշ բացառություններ չհաշված, տպավորություն էր, որ ով պարապ է մնացել, բերել են հանդիպման: Այդ էր վկայում նաև լսարանի կողմից տրվող հարցերի բնույթը և որակը: Դրան դեռ կանդրադառնանք:

Ինչ մնում է հանդիպմանը, ապա վարչապետը ևս չէր սպասում նման ձևաչափի: Նա գոնե երկու անգամ իր խոսքում անդրադարձավ այդ խնդրին: Ստացվում է, որ կազմակերպիչները զբաղվել էին բացահայտ աճպարարությամբ: Կազմակերպման որակին ընդհանրապես չարժի անդրադառնալ, քանի որ այն հեռու էր պրոֆեսիոնալ կոչվելուց:

Ինչ մնում է հարցերին ու դրանց բովանդակությանը, ինչպես նաև պատասխաններին, ապա պետք է փաստել, որ առնվազն միամտություն կլիներ ակնկալել բոլոր հարցերի պատասխանները, դեռևս իր 100 օրը չբոլորած կառավարության ղեկավարից:

Գոնե իրականության իմիտացիա ստեղծելու համար, կազմակերպիչները կարող էին ներառել նույն ֆեյսբուքյան օգտատերերի գոնե մի քանի սուր հարցեր: Իսկ դրանք, իհարկե կային ու կային գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ: Սակայն դա չեղավ: Փոխարենն անարդյունավետ քննարկում ծավալվեց սփյուռքի հետ հարաբերությունների վերաբերյալ: Ակնհայտ էր, որ դահլիճում որևէ մեկը չուներ հստակ պատկերացում ու տեսլական այդ խնդրի վերաբերյալ:

Իսկ ամենակոմպետենտ թվացող մարդը՝ Հրանուշ Հակոբյանը, բացի ծափահարելուց, այլ գործողությամբ աչքի չընկավ, չնայած խնդիրը վերաբերում էր հենց իր ղեկավարած ոլորտին: Ամենայն հավանականությամբ, սա նաև փիառ քայլ էր վարչապետին նվիրված գովազդի շրջանակներում, որը վերջին ամիսներին, հետևողականորեն կազմակերպվում է իշխանական կառույցների կողմից: Սակայն դժվար է ասել՝ այն դրական ազդեցություն ունեցա՞վ, թե՞ բացասական: Կարծում ենք, վարչապետը շատ արագ պետք է ձգտի փոխել այս անբովանդակ քննարկման և հարցուպատասխանի ձևաչափը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular