ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուս խաղաղապահները կատարում են կրակի դադարեցման ապահովման առաքելությունը. մենք այս հարցում Ֆրանսիայի որևէ դերակատարում չենք տեսնում». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը` Մակրոնի հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեկվա հայտարարությունը, ասել է, որ «տարածաշրջանում կրակի դադարեցումն ապահովվում է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ»:

«Ժամանակավորապես «Ադրբեջանի տարածքում» (չակերտները-Խմբ.) տեղակայված ռուս խաղաղապահները կատարում են կրակի դադարեցման ապահովման առաքելությունը: Մենք այս հարցում Ֆրանսիայի որևէ դերակատարում չենք տեսնում»,-ասել է խոսնակը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ՝ համատեղ ելույթի ժամանակ Մակրոնն ասել էր, որ «Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի, իսկ Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում` նկատելով՝ 2020թ. նոյեմբերի 9֊ի հրադադարի հայտարարությունից ի վեր, եթե նույնիսկ, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, միևնույն է անելիքները շատ են»։

Մակրոնն ընդգծել է, որ ՀՀ֊ի և Ադրբեջանի միջև սահմանազատում պետք է իրականացվի բացառապես երկխոսության միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի։

«Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից և կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11֊ի դրությամբ եղած դիրքեր»,֊ասել է Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան փորձելու է աջակցել երկխոսության հաստատման հարցում։ Մակրոնն ընդգծել է` այս դժվար իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է ինչպես միշտ։ Ֆրանսիայի նախագահը նաև կարևորել է Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակելու կարևորությունը:

Աբդուլլաևան այս առնչությամբ նշել է, որ ադրբեջանական կողմը ռազմագերիների փոխանակման հարցում միշտ էլ ունեցել է «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքը:

«Ինչպես բազմիցս նշել ենք, Ադրբեջանում հայկական ծագմամբ ռազմագերիներ չկան: Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 26-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի տարածք ուղարկված «դիվերսիոն խմբի» (չակերտները-Խմբ.) անդամներին, որոնք այնտեղ «ահաբեկչություն» (չակերտները-Խմբ.) են իրականացրել, ինչպես նաև «հետախուզա-դիվերսիոն» (չակերտները-Խմբ.) խմբի անդամներին, որոնք մայիսի 27-ին փորձել են ականապատել Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի ուղղությամբ ճանապարհները, ապա նրանք ռազմագերիներ չեն»,-ասել է ԱԳՆ խոսնակը:

Բացի այդ, Աբդուլլաևան անդրադարձել է Մակրոնի խոսքում «Լեռնային Ղարաբաղ» անվանման կիրառմանը` ընդգծելով, որ «այդպիսի վարչատարածքային միավոր գոյություն չունի»:

«Ինչ վերաբերում է ելույթում բարձրացված ուղղակի երկխոսության հարցին, ապա այն արդեն ընթացքի մեջ է: Հիմք ընդունելով 2021 թվականի հունվարի 11-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությանը ՝ հանդիպումներ են անցկացվում փոխվարչապետների մակարդակով և իրականացվում է երկխոսություն: Այնուամենայնիվ, Ֆրանսիան որևէ դեր չի խաղում այս գործընթացում:

Ինչ վերաբերում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես մենք հայտարարեցինք, Ադրբեջանը սատարում է սահմանազատման գործընթացի մեկնարկին, և այդ գործընթացը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցովի»,-նշել է Աբդուլլաևան` շեշտելով, որ «անհասկանալի է տարածաշրջան Ֆրանսիայի կատեգորիկ վերադարձի մասին հայտարարությունը, քանի որ Ֆրանսիան համանախագահ երկիր է և 1997 թվականից մասնակցում է տարածաշրջանային գործընթացներին, ուստի այս հայտարարությունն անհասկանալի է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular