ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը պարտվում է անգամ իր չարաշահած դիսկուրսում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ընթանում է ողջ թափով, իսկ իշխանությունը ժամ առ ժամ ավելի է խորացնում հանրության պառակտվածությունը։ «Նախկին» ու «ներկա» դիսկուրսը միակ փաստարկն է դարձել Փաշինյանի թիմի համար, երբ, բովանդակային ասելիք չունենալով, նրանք վիրավորում ու անվանարկում են քաղաքական հակառակորդներին, փորձում համոզել, թե այդ «նախկինների» վերադարձը վտանգավոր կարող է լինել Հայաստանի Հանրապետության համար։ Արձանագրենք սակայն, որ նույնիսկ այդ «նախկիններ-ներկաներ» չարչրկված դիսկուրսում Նիկոլ Փաշինյանն անվերադարձ պարտված է։

Ընտրական մարաթոնին 26 դաշինք ու կուսակցություն է մասնակցում, այդ թվում՝ Փաշինյանի «սիրելի» բոլոր նախկինները։ Մի կողմում վարչապետի թեկնածուներն են, որոնց օրոք կամ մասնակցությամբ Հայաստանը անկախություն է ձեռքբերել, քայլեր արել աղետի գոտին վերականգնելու, ոտքի է կանգնել հաղթական պատերազմից հետո զրոյից պետություն ու պետական ինստիտուտներ ստեղծել, թռիչքաձև աճ արձանագրել տնտեսության մեջ, բանակ ստեղծել, որը Հայաստանի ու Արցախի անկախության ու անվտանգության երաշխավորն էր։ Այդ բոլոր թեկնածուները կարող էին հպարտանալ իրենց ձեռքբերումներով, արձանագրել նաև թերացումները, որոնք, սակայն, ի տարբերություն Փաշինյանի, այսքան ճակատագրական չէին։

Ընտրության մյուս կողմում մի ուժ է, որն իշխանության եկավ համաժողովրդական ալիքի վրա՝ բարեփոխումների ու արդարության խոստումներ տալով, փոխարենը աչքի ընկավ բացառապես պարգևավճարներ ստանալով, տնտեսությունը հիմնահատակ ավերելով, կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելով և հինգ հազարից ավելի զոհեր տալով, Արցախի 75 տոկոսը թշնամուն նվիրելով, երիտասարդ մի ամբողջ սերնդի գլխատելով, Հայաստանի սահմանները անտեր թողնելով, բանակը ոչնչացնելով և պետական հաստատությունները կործանելով։ Միայն ձախողումներ են, այնպիսիք, որոնք ճակատագրական են դարձել Հայաստանի համար։ Եվ այսօր կարելի էր ծիծաղել փաշինյանականների ջղաձգումների, «նախկին-ներկա» բաժանումների փորձերի վրա, եթե իրավիճակն այդքան ողբերգական չլիներ։ Բարդ է, բայց ոչ անհույս․ Հայաստանը շանս ունի։ Ընտրել ամեն ինչ ձախողած «ներկաներին», թե քվեն տալ մարդկանց, ովքեր ունեն կամք և փորձառություն՝ կրկին երկիրը զարգացման հուն տեղափոխելու։

Տիգրան Մարկոսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular