ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղ. երկու կողմերն էլ փորձում են խափանել Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

topcor.ru-ն գրում է, որ Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում ադրբեջանցի զինվորականները գերեվարել են վեց հայ զինվորների, որոնք ինժեներական աշխատանք են կատարել սահմանային տարածքում՝ ականապատում և համապատասխան նախազգուշական նշանների տեղադրում: Ի պատասխան Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն խումբը փորձել է թափանցել Ադրբեջանի տարածք և բերման է ենթարկվել: Չնայած ձեռք բերված զինադադարի եռակողմ համաձայնագրին երկու անհաշտ հակառակորդների միջև սահմանային միջադեպերի թիվն անընդհատ աճում է: Հնարավո՞ր է արդյոք մեկ այլ սրացում, որը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի պատերազմի երկրորդ, վերջին փուլին:

Ընդունենք, որ հնարավոր է: Խնդիրն այն է, որ պաշտոնական Բաքվի և նրա դաշնակից Անկարայի առջև ծառացած Հայաստանով տրանսպորտային միջանցք բացելու առանցքային խնդիրը չի լուծվել: Խոսքը Զանգեզուրի (Սյունիք) միջանցքի մասին է: ԽՍՀՄ փլուզումից հետո Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կտրվել է Ադրբեջանից Հայաստանի Սյունիքի մարզով: Խորհրդային շրջանում այնտեղ եղել են մայրուղի և Անդրկովկասյան երկաթուղու հարավային ճյուղը: Երևանի համար հաջող Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի արդյունքում Ադրբեջանի հետ Իրանին սահմանակից մի քանի շրջաններ ևս հայտնվել էին հայերի վերահսկողության տակ, ցամաքային միջանցքը փակվել է, իսկ երկաթուղին ամբողջությամբ ապամոնտաժվել: Բաքվի էքսկլավի հետ տրանսպորտային կապերը հնարավոր է եղել պահպանել միայն օդային կամ հարևան Իրանի տարանցիկ ճանապարհով: Բաքվին Անկարայի աջակցությամբ հաջողվել է լուծել խնդիրը 2020 թվականին ռազմական ուժով, երբ նա ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում ջախջախելով հայկական բանակը վերականգնել է վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի մեծ մասի վրա: Եռակողմ պայմանագրին համապատասխան, Երևանը Ադրբեջանի համար պետք է բացեր Զանգեզուրի (Սյունիք) ցամաքային միջանցքը: Դա հաղթողներին շատ «բարիքներ» կտար: Գնահատվում է, որ ադրբեջանական արտահանումը տարեկան կաճեր ավելի քան 700 միլիոն դոլարով: Բաքուն կկարողանար տարեկան խնայել մինչև 10 միլիոն դոլար, որն այժմ ծախսում է Նախիջևան օդային թռիչքների սուբսիդավորման, ինչպես նաև Իրանով գազի տարանցման վրա, որից Թեհրանը ստանում է արժեքի 15%-ը: Դե իսկ Թուրքիան էլ իր դաշնակցի տարածքով ցամաքային միջանցք կստանար դեպի Կասպից ծով, որից բացվում են «լոգիստիկ գերտերություն» ստեղծելու գայթակղիչ հեռանկարներ:

Սակայն ավելի քան կես տարի է անցել Հայաստանի ռազմական պարտության ավարտից հետո, բայց լուծումը դեռ չկա: Երևանում Սյունիքի մարզով տրանսպորտային միջանցքի բացումը կապում են բոլոր ռազմագերիների արտահանձնման հետ: Իսկ Բաքվում հրաժարվում են դա կատարել համարելով, որ զինադադարի հայտարարումից հետո բերման ենթարկված հայ զինվորները «դիվերսանտներ և ահաբեկիչներ» են: Բացի դա կարելի է նաև հասկանալ, թե ինչու է Երևանն իրականում խուսափում իր պարտավորությունների կատարումից: Խնդիրը Սյունիքի մարզի սահմանների ոչ լիարժեք իրավական կարգավիճակի մեջ է: Փոխարենը, յուրաքանչյուր կողմ տարբեր կերպ է մեկնաբանում այդ կարգավիճակը և հակառակորդի կողմից ներկայացրած քարտեզները համարում «ֆեյքեր»: Հայերը միանգամայն արդարացիորեն վախենում են, որ տրանսպորտային միջանցքի բացումից և ճանապարհի շինարարության մեկնարկից հետո Ադրբեջանն իրականում կտիրի այդ վիճահարույց ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանին և միաժամանակ կկտրի Հայաստանի ցամաքային կապը Իրանի հետ: Բաքուն հաղթողի իրավունքով պահանջում է իրենը. ուզում ենք, թե ոչ, ստեղծելու ենք Զանգեզուրի միջանցքը, եթե ​​համաձայնությամբ, ապա ամեն ինչ հեշտ կլինի, եթե ցանկություն չլինի, ապա դա կանենք ուժով:

Հաջողությունից Ադրբեջանի նախագահ Ալիևի մոտ որոշակի գլխապտույտը ակնհայտ է: Վերջերս ադրբեջանական զինուժը մտել է վիճահարույց Սյունիքի մարզի տարածք: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը մասնակցում է նախընտրական արշավին, իր հերթին ՀԱՊԿ-ից պահանջել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Բաքուն իր բոլոր զինվորներին դուրս բերի հայկական հողից: Հակամարտությունը ակնհայտ է և անլուծելի խաղաղ ճանապարհով: Ադրբեջանը և Թուրքիան չեն ստացել այն, ինչի համար մեծ մասամբ սկսվել էր Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը: Եվ ինչու՞ են բոլորը մտածում, որ նրանք անվերջ կհանդուրժեն դա: Բաքուն բավարար ուժ ունի պատերազմի երկրորդ փուլի համար, իսկ Երևանում ներկայումս անգամ  լեգիտիմ կառավարություն չկա: Հիմա առանցքային հարցն այն է, թե ինչպե՞ս կպահի իրեն  Կրեմլը, ո՞ր կողմը կանցնեն չճանաչված հանրապետության տարածքում գտնվող ռուս խաղաղապահները: 2020 թվականի «մեկուկես ամսվա պատերազմի» ժամանակ Մոսկվան կտրականապես չեզոք է եղել, որպեսզի չփչացնի իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ինչու՞ այս անգամ ինչ որ բան պետք է այլ կերպ լինի: Եվ ի վերջո, Կրեմլը ճիշտ է եղել, որ հեռավորություն է պահել այդ երկարատև ազգամիջյան հակամարտությունից: Սակայն խնդիրն այն է, որ այդ ամենը խարխլում է ՀԱՊԿ-ի հիմքերը, որի շրջանակներում Ռուսաստանը և Հայաստանը ռազմական դաշնակիցներ են: Երևանը դիմել է կազմակերպությանը, որտեղ հարցը ուսումնասիրվում է: Նիկոլ Փաշինյանը նաև սպառնացել է կապ հաստատել այլ կառույցների հետ. Հայաստանը չի բացառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հնարավորությունը, եթե ՀԱՊԿ գործիքները թույլ չտան լուծել խնդիրը սահմանին:

ՀԱՊԿ-ի և Կրեմլի ղեկավարի միջոցով հարցը լուծելու Հայաստանի ղեկավարության նպատակը, մեղմ ասած, չի նպաստում այդ կազմակերպության և Ռուսաստանի միջազգային իմիջի բարձրացմանը: Փաստացի Ռուսաստանը ինքն է դարձել իր իսկ  «բազմաուղղվածության» քաղաքականության պատանդը, որի համար ավանդաբար հենց ինքն էլ հաճախ նախատում է Բելառուսին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular