ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր ժողովուրդը հին ժողովուրդ է և չպետք է կործանվի միայն այն պատճառով, որ Ռուսաստանն ինչ-որ խաղեր է տալիս Ադրբեջանի ու Թուրքիայի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մակրոնը երեկ իր ելույթում կոչ արեց ադրբեջանական զորքերին հետ քաշվել, նորից հասցեական հայտարարություններ հնչեցրեց: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Հարցին, թե  արդյոք Մակրոնի հայտարարությունը ստեղծված իրավիճակի վրա ազդեցություն կունենա քաղաքագետը պատասխանել է․ «Այո, անշուշտ  կունենա իր ազդեցությունը, քանի որ եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնում իր աջակցության համար, միշտ Մակրոնի առաջարկներին ընդհանուր պատասխաններ էր տալիս, հիմա իր այցելությամբ Փաշինյանը ցույց տվեց, որ պատրաստ է ընդունելու Ֆրանսիայի աջակցությունը: Սա ակնհայտ է: Ուրեմն այս հանդիպմանը, իմ կարծիքով, կքննարկվեն նաև հարցեր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսի աշխատել: Կքննարկվի, այն, որ եթե իրավիճակը բարդանա, այդ դեպքում Ֆրանսիան ինչպե՞ս է մեզ աջակցելու, բառի բուն իմաստով ռազմական աջակցությո՞ւն է տրամադրելու, և եթե այսպես շարունակվի, Ֆրանսիան կօգնի մեզ դիմել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ես կասկած չունեմ, որ այս բոլոր հարցերը հիմա քննարկվում են: Այդ առումով այս այցը չափազանց կարևոր է: Մեր ժողովուրդը հին ժողովուրդ է և չպետք է կործանվի միայն այն պատճառով, որ Ռուսաստանն ինչ-որ խաղեր է տալիս Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»։ 

Անդրադառնալով այն հարցին, թե Մակրոնի հայտարարությունները ի՞նչ հետևանք կարող են ունենալ Ադրբեջանի վրա քաղաքագետը պատասխանել է․ «Շատ բան այստեղ կախված է Ռուսաստանից: Պարզ է, որ եթե Ռուսաստանը կողքից ասի՝ մի՛ վախեցիր, ես թիկունքիդ կանգնած եմ, ազդեցությունը քիչ կլինի: Եթե Ռուսաստանը Ադրբեջանի կողքին չկանգնի, պարզ է, որ Ադրբեջանն ուզած-չուզած պետք է փափկացնի իր դիրքորոշումը, զորքերը դուրս բերի մեր տարածքից, գերիներին վերադարձնի: Ի դեպ, ասեմ, որ շատ կարևոր է, որ Հայաստանը հրաժարվեց շարունակել աշխատել այդ տնտեսական եռակողմ՝ հաղորդակցությունների հետ կապված աշխատանքային խմբում: Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ այդ աշխատանքը դադարեցված է: Պետք չի առանձին նայել վարչապետի այցը Փարիզ և այդ աշխատանքների դադարեցումը, դրանք միանշանակ փոխկապակցված են: Հայաստանը տեսավ, որ անիմաստ է շարունակել աշխատանքները: Ի՞նչ կոմունիկացիաների մասին է խոսքը, եթե իրենք լկտիանում են, սպանում են մեր զինվորներին, նոր գերիներ են վերցնում: Ամեն ինչին չափ ու սահման կա: Հայաստանը, փաստորեն, սկսեց դուրս գալ այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Եթե Ռուսաստանն այսօր ճիշտ եզրակացություններ չանի, ես կարծում եմ, որ դա զարգացում կստանա, և մենք փոքր-ինչ ուշ կսկսենք աշխատել նաև Միացյալ Նահանգների հետ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular