ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացիների իրավունքների համար պետությունն է պատասխանատու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս համացանցում տարածվեցին լուսանկարներ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղից, որտեղ պարկերով զինծառայողների դիակներ էին պահվում, որոնք դեռ նույնականացված չեն: Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։ Հարցին, թե ինչպես է իրավապաշտպանը գնահատում ստեղծված իրավիճակը Զարուհի Հովհաննիսյանը պատասխանել է․ «Նախ և առաջ պետք է անդրադառնանք համակարգային բացթողումներին, քանի որ հիմնականում հետպատերազմյան շրջանում քաղաքացիների իրավունքների համար պետությունն է պատասխանատու: Թե՛ զոհված զինծառայողների, թե՛ հաշմանդամություն ունեցող զինծառայողների, թե՛ անհայտ կորածների վերաբերյալ պետությունը պետք է մշակեր հստակ քաղաքականություն, հստակ քայլեր, ինչը չի արվել: Ես վստահ եմ, որ չի արվել, որովհետև մենք դա տեսնում ենք զոհվածների կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ծնողների հետ շփումներից: Կոնկրետ այս դեպքը բացարձակ անտարբերության երևույթ է պետական կառույցների կողմից, որովհետև մենք շատ լավ գիտենք, թե ծնողները որքան փորձեցին փնտրել իրենց անհայտ կորած որդիներին և ինչպես էին նույնիսկ մասնակցում որոնողական աշխատանքներին: Դարձյալ կարելի է արձանագրել, որ չգիտեին՝ ինչպես կազմակերպել որոնողական աշխատանքները և ինչպես հանդիպել զինծառայողների ծնողների հետ, ինչ լեզվով նրանց հետ խոսել: Մենք տեսանք, որ պետությունն այդ տեսանկյունից բացարձակ պատրաստ չէր և չէր մշակել որոշակի մոտեցումներ: Ո՞ր պաշտոնյաները պետք է շփվեին ծնողների հետ, ինչպիսի փաստահավաք խումբ պետք է կազմվեր, մենք այդ բոլոր պատասխանները չենք տեսել: Ստացվում էր այնպես, որ ամեն կառույց, կարծես թե, իր վրայից պատասխանատվությունը տեղափոխում էր մեկ այլ կառույցի վրա, և, փաստացիորեն, ի վերջո առողջապահության համակարգը, որը վերջնական պատասխանատուն էր գոնե մասունքների նույնականացումն անցկացնելու և դիակները ծնողներին հասցնելու ժամանակահատվածում, ունեցավ այսպիսի լուրջ բացթողում: Սա ոչ միայն բացթողում է, այլև տոտալ անտարբերություն ուրիշի վշտի նկատմամբ և զինծառայողների մասունքների նկատմամբ հարգանքի բացակայություն»։

Հարցին, թե իրավապաշտպանն ինչպես է գնահատում պատերազմից հետո ստեղծված իրավիճակը Զարուհի Հովհաննիսյանը պատասխանել է․ «Իրականում,  համակարգային, գլոբալ խնդիրներ են, պրոցեսներ, որի անունը ես հաճախ դնում եմ համակարգային ճգնաժամ և պետական մարմինների, կառույցների տոտալ չտիրապետելն իրենց գործին: Դա համակարգման խնդիր է, որովհետև կառավարությունն այն մարմինն է, որն իր տարբեր գերատեսչությունների, մարմինների միջոցով համակարգում է բոլոր աշխատանքները: Մենք կառավարության տարբեր օղակների միջև ունենք համագործակցության լուրջ բացթողում: Ըստ էության, ՊՆ-ի կողմից նույնպես պետք է այդ աշխատանքն արված լիներ, թե ուր են այդ մարդիկ, որ զորամասից են եղել, ովքեր են անհայտ կորած, որտեղ են հայտնվել, զորքերի ինչ տեղաշարժ է եղել: Այդ ամբողջ պրոցեսը միջգերատեսչական մարմինների միջոցով չի իրականացվել, որպեսզի հասկանան, թե այդ մարմինները որտեղից ուր են տեղափոխվել: Սա լրջագույն բացերի մասին է խոսում: Ես հստակորեն կարող եմ ասել, որ այսօր ՀՀ Կառավարություն,որպես միասնական մեկ մարմին, չի գործում, նաև ճգնաժամի հաղթահարման ռազմավարություն չունի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular