ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոս Սարգսյանի կյանքի հետաքրքիր դրվագներ են բացահայտվում «Համազգային արտիստը» գրքում

ՄՇԱԿՈՒՅԹ

«Արվեստագետ» մշակութային ՀԿ նախագահ, համանուն ամսագրի խմբագիր Իվան Անտոնյանը դեռ ուսանող տարիներին հնարավորություն է ունեցել հանդիպելու թատրոնի և կինոյի մեծ վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Սարգսյանի հետ կարճ հաղորդակցումն այնքան է տպավորել Անտոնյանին, որ նա որոշել է hրատարակել Սարգսյանին նվիրված «Համազգային արտիստը» գիրքը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անտոնյանն ասում է, որ գրքում ընդգրկել է Սոս Սարգսյանի՝ տարբեր տարիների հարցազրույցներ, անվանի մարդկանց կարծիքներ, որոնք վերաբերում են արտիստին, և նյութեր, որոնք կարող են նորովի բացահայտել Սոս Սարգսյանին:

«Սովորում էի Թատերական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: Հենց այդ շրջանում Սոս Սարգսյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը Վանաձորի թատրոնում յուրաքանչյուրս ներկայացնում էր նրա դերերից մեկը: Ներկա էր նաև Սարգսյանը: Միջոցառումից հետո բոլորը շտապում էին վարպետի հետ նկարվելու: Ես ևս մոտեցա նրան ու լուսանկարվեցի հետը: Նա ինձ հարցրեց. «Ինչո՞ւ ես շտապում, գի՞րք ես գրելու»: Այդ պահին մտադրվեցի ստեղծել նրա մասին պատմող մի գիրք: Եվ գրեթե 11 տարի հետո կազմեցի գիրքը»,- պատմում է Անտոնյանը:

Նրա խոսքով՝ գիրքը կազմել է քառասուն օրում, հետո այն խմբագրել է արձակագիր Վահագն Մուղնեցյանը, այնուհետև աշխատել է գեղարվեստական խմբագիր Հակոբ Ազիզյանի հետ, որը Սոս Սարգսյանի մտերիմն է եղել:

«Գրախանութներում գիրքը չկա: Այն շատ արագ սպառվեց, վերահրատարակելու կարիք կա: Հիմա կազմում եմ գրքի երկրորդ հատորը, որը կոչվելու է «Նահապետը»: Այստեղ կներառվեն Սարգսյանի մասին խոսքեր, նրա ֆիլմերի, դերերի վերլուծություններ»,- տեղեկացնում է կազմողը:

Անտոնյանը շատ է սիրում «Ձորի Միրոն» ֆիլմը, որում Սարգսյանը մարմնավորում է գլխավոր հերոսին՝ Միրոյին: Ըստ Իվան Անտոնյանի՝ Միրոն հայ տղամարդու ուսանելի, առնական կերպար է, որի մեջ խոսում է ազգայինը, ընդգծվում է նրա նվիրվածությունը հայրենի հողին, ջրին, ընտանիքին:

«Սոս Սարգսյանն աստվածային մարդ էր: Երկար չեմ զրուցել հետը, բայց նա ինձ ուժեղ էներգիա է փոխանցել»,- շեշտում է Իվան Անտոնյանն ու հավելում, որ գրքի համար ՀՀ նախագահի աշխատակազմից շնորհակալագրի է արժանացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular