ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան Հայաստանի հանդեպ վարում է բացահայտ թշնամական քաղաքականություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 1-ին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել թե՛ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան և թե՛ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ձևաչափով եռակողմ համագործակցություններին։ Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Հարցին, թե ո՞րն է Էրդողանի նպատակը թուրքագետը պատասխանել է․ «Էրդողանի հայտարարությունը երկու մասից է բաղկացած։ Նախ առաջինը այն է, որ իրենք աջակցելու են Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան համագործակցությանը: Մոտավորապես, 13-14 տարի առաջ Թուրքիայի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ ստեղծվեց այդ եռյակ միությունը, որը սկզբից միայն տնտեսական էր, հետո դարձավ քաղաքական, հիմա էլ ձեռք է բերում ռազմական բնույթ: Այսինքն, Թուրքիան նաև Վրաստանին է ներքաշում ռազմական այդ միության մեջ և փորձում է դրանով իսկ թուլացնել Ռուսաստանի դիրքերը մեր տարածաշրջանում և մեկուսացնել Հայաստանը, որովհետև վերջինս չի մտնում դրա մեջ: Սա թուրքական նախաձեռնություն է, որը տարիներ շարունակ փորձում են իրականացնել:

Հայտարարության երկրորդ մասն այն է, որ Թուրքիան համաձայն է աջակցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան համագործակցությանը մեր տարածաշրջանում, իմ գնահատմամբ, սա նշանակում է, որ Թուրքիան հարավ-կովկասյան տարածաշրջանում պատրաստվում է իր ծավալապաշտական քաղաքականության իրականացման հաջորդ փուլին: Այսինքն, սա նշանակում է, որ առաջին ծրագիրը, եթե միտված էր Ռուսաստանի ազդեցության թուլացմանը տարածաշրջանում և Հայաստանի մեկուսացմանը, ապա երկրորդ փուլը պետք է լինի նրանց ստրատեգիական նպատակը՝ ամբողջ տարածաշրջանը իրենց ազդեցության տակ վերցնել, այսինքն՝ ընդհանրապես Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և իրենց այդ ծրագրի մեջ ներքաշել Հայաստանին:

Ադրբեջան-Վրաստան-Հայաստան համագործակցությանն աջակցելու հետ կապված մեկ խնդիր ևս կա՝ Թուրքիան Հայաստանի հանդեպ վարում է բացահայտ թշնամական քաղաքականություն և ոչ մի ցանկություն չունի այն փոխել: Սա նշանակում է, որ Թուրքիան հանդես է գալիս բացահայտ թշնամի մեր նկատմամբ, էլ չեմ խոսում Ադրբեջանի մասին: Այս պայմաններում խոսել Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության մասին այն էլ Թուրքիայի հովանավորությամբ, իմաստ չունի: Իհարկե, հետագայում, երբ նրանք հրաժարվեն իրենց այդ ագրեսիվ քաղաքականությունից՝ նման համագործակցություն հնարավոր կլինի, որոնց նախանշանները դեռևս չկան»։

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular