ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն իր գործողություններով ցույց է տալիս, թե ինչպես պետք է գործեր Հայաստանը իրական ահաբեկիչների պայմաններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Վերջերս հայտնի է դարձել, որ Ադրբեջանում պահվող շիրակցի ռազմագերիներից 14-ի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը դատական վարույթ է ընդունվել։ Ադրբեջանական կողմը հայ ռազմագերիներին մեղադրում է իբր ահաբեկչություն իրականացնելու համար։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը թույլ կտա պաշտպաններ ներգրավել՝ իրավապաշտպանը պատասխանել է.«Այստեղ կա մի հարց․ մենք դիմե՞լ ենք։ Այսինքն, անպայման պետք է դիմել, գտնել այնպիսի հմուտ փաստաբանների, որոնք այդպիսի փորձ ունեն։ Ինչի՞ համար է մեր Սփյուռքը, եթե չենք ուզում նրանց կապերն օգտագործել։ Եվ եթե մենք դա չենք անում, բարձիթողի վիճակ է ստեղծվում, ինչն ավելացնում է այս իշխանությունների մեղավորությունը։ Արդեն իսկ հայկական կողմի մեղավորությունն այն է, որ տեր չի կանգնել զինծառայողներին, հայկական վերահսկողության տակ եղած տարածքներից նրանք գերեվարվել են, իսկ պետությունն անմիջապես չի մտել բանակցությունների մեջ մոնիտորինգ իրականացնող երկու պետությունների՝ Ռուսաստանի ու Թուրքիայի հետ»։

Հարցին, թե ադրբեջանական կողմի այս վարքագիծը ինչի մասին է խոսում՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանել է․ «Հայկական կողմի վրա գերիների հարցով այս ճնշումը հետապնդում են մի նպատակ, այն է՝ Հայաստանից տարածքային այլ զիջումներ պահանջելը։ Առհասարակ հայերին որպես դիվերսանտ ներկայացնելը ադրբեջանական հին ձեռագիր է։ Նրանք մինչև անգամ այդպիսի հոլովակներ ունեն, գրքեր, որտեղ իրենք խոսում են հայկական տեռորիզմի մասին։ Ավելի քան 30 տարի նրանք աշխարհում տարածում են, որ հայկական ձեռագիրն ահաբեկչությունն է։ Ընդ որում, նայեք, թե ինչ իրավիճակում են դա անում՝ Արցախի դեմ պատերազմում հրավիրելով ահաբեկչական կազմակերպությունների։ Նրանք հիմա ուզում են այդ նույն խնդիրը բարդել Հայաստանի վրա։ Ինչո՞ւ, որովհետև Հայաստանը պատշաճ չի արձագանքում։ Անգամ այն երկու վարձական ահաբեկիչների դատը Հայաստանում հնչեղություն չունի։ Ինչո՞ւ են այդ դատը Սյունիքի դատարանում անում՝ սուս ու փուս, փոխանակ դա դարձնեն միջազգային բոլոր ատյանների քաղաքական օրակարգի հարց։ Հիմա Ադրբեջանն իր գործողություններով ցույց է տալիս, թե ինչպես պետք է գործեր Հայաստանը իրական ահաբեկիչների պայմաններում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular