Առաջին անգամ հայ դրամատուրգներն իրենց մասնակցությունը կունենան «Արմմոնո» միջազգային փառատոնում
ՄՇԱԿՈՒՅԹՄինչեւ հունիսի 15-ը Երեւանում, Գյումրիում եւ Արտաշատում կընթանա «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը։
Հիշեցնենք, որ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն իր գոյության գրեթե երկու տասնամյակների ընթացքում կարողացավ մեր երկրում ձեւավորել ու զարգացնել «մեկ դերասանի թատրոն»-ը: Այն տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու միջազգային թատերական իրողություններին:
Ցավոք, այս տարի եւս, համավարակով պայմանավորված, փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալել, սակայն առցանց տիրույթում կլինի ակտիվ. առցանց իրենց աշխատանքները կներկայացնեն դերասաններ ՌԴ-ից, Ղազախստանից, Բելառուսից եւ Իսրայելից:
Այս տարի «Արմմոնո» փառատոնը ուշադրությունը բեւեռում է բացառապես հայ հեղինակների գործերի վրա, աշխատանքներ կտանի Հայաստանի մարզային թատրոնների հետ՝ մոնոներկայացումների զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ հարթակ կտրամադրի երիտասարդ դերասաններին ու բեմադրիչներին ինքնաարտահայտվելու համար։ Իսկ «Արմմոնո-Plus» - ծրագրի շրջանակում կցուցադրվեն մոնոներկայացումներ մարզային թատրոնների դերասանների կատարմամբ
«Արմմոնո»-ի շրջանակներում կանցկացվեն թատերականացված ընթերցումներ՝ «Դրամատուրգիա» հանդեսի և tatron-drama.am կայքի հետ համատեղ։ Առաջին անգամ հայ դրամատուրգներն իրենց մասնակցությունը կունենան փառատոնին երկու ծրագրով՝ «Պատմություններ պատերազմի մասին» եւ «Պատմություններ սիրո մասին»։