ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


14 գերիներին վերադարձնելու գործը կարող է երկար տևել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գերիների վերադարձը ժամանակի հարց է և այն լուծում կստանա: Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Արա Ղազարյանի հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ լուծման մասին է խոսքը։

Հարցին, թե ինչ հիմքերով է վարչապետը նման հայտարարություն արել՝ փաստաբանը պատասխանել է․ « Իմ կարծիքով, դա ավելի շատ նախընտրական հռետորաբանություն է: Հետաքրքիր է, որ ասում է՝ լուծում կստանա, ի՞նչ լուծման մասին է խոսքը՝ քաղաքակա՞ն լուծում  բանակցությունների՞ արդյունքում, թե իրավական գործընթացի արդյունքում»։

Անդրադառնալով այն հարցին, թե հայկական կողմը ինչ մտահոգություններ ունի 14 հայ գերիների նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ՝ Արա Ղազարյանը պատասխանել է․ «Մտահոգիչ է այն առումով, որ նրանց վերադարձնելու գործը կարող է երկար տևել: Նրանց հոդվածներն այնպիսին են, որ երկարաժամկետ ազատազրկում է սպառնում: Չմոռանանք, որ Կարեն Ղազարյանը 20 տարվա ազատազրկման դատապարտվեց, բայց հանկարծակի նրան վերադարձրեցին Հայաստան, այն էլ առանց արտահանձնման գործընթացի, արտահանձնման փաստաթղթերի: Նա պարզապես հայրենադարձվեց: Մինչդեռ դատապարտված անձինք ոչ թե հայրենադարձվում են, այլ արտահանձնվում են, որպեսզի պատիժը կրեն հայրենիքում: Այստեղ մենք ամբողջովին կամայական որոշման հետ գործ ունենք, բայց ամենակարևորն այն էր, որ հայրենադարձվեց: Այս դեպքում ամենամեծ մտահոգությունն այն է, որ այդ գերիների դատավարությունը փակ է ընթանում, անգամ Ադրբեջանի հասարակությանն ինֆորմացիա չի տրամադրվում: Դա խոսում է այն մասին, որ դատավարությունը խստորեն վերահսկվում է, խոսում է այն մասին, որ այն ամբողջությամբ կառուցված է լեգենդի վրա:

Ինչո՞ւ են հրապարակային դատավարությունը հիմնարար իրավունք համարում, որովհետև հրապարակայնությունը հնարավորություն է տալիս, որ դատարանները վակումի մեջ չաշխատեն և կամայականություններ չանեն: Եթե դատավարությունը զրկում ես հրապարակայնությունից՝ ցանկացած կայականություն կարող ես անել: Կարեն Ղազարյանի դեմքում ևս մի քանի րոպե ցուցադրեցին ու վերջ: Հիմա նույն ձեռագրով կատարվում են արդեն նոր գերիների դատավարությունները: Այդ մարդկանց շուրջը մենք չտեսանք փաստաբաններ, մենք չտեսանք, որ այդ մարդիկ ազատորեն հաղորդակցվում են դատարանի հետ, իրենց փաստաբանի հետ: Այդ մարդիկ հնարավորություն չունեն Հայաստանի հետ կապի մեջ մտնել, թեև Եվրոպական դատարանը դա սահմանել է որպես պարտականություն, որ Ադրբեջանը պարտավոր է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ:

Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ այդ դատավարությունները պարզապես ֆարս են: Պարզ է, որ նույն ձեռագրով են գործելու, որովհետև եթե հրապարակային դարձնեն դատավարությունը, անմիջապես լեգենդը փլվելու է: Դա է պատճառը, որ մենք նրանց տեսնում ենք ապակու հետևը, չենք տեսնում, որ փաստաբանի հետ աշխատեն: Հիշենք, թե ինչպես էր ընթանում ադրբեջանցի երկու դիվերսանտների դատավարությունը Արցախում: Նրանք ազատորեն շփվում էին, ոչ մի ապակի չկար: Նրանք ազատորեն կարողանում էին շփվել և իրենց փաստաբանների, և լրագրողների, և դատարանի հետ: Դա մենք չենք տեսնում հայ գերիների գործերում: Դա արդեն բավարար է, որ այդ դատավարությունները համարվեն անարդար: Դուք կտեսնեք, որ նրանք արագորեն ավարտելու են դատավարությունը, քանի որ խնդիր ունեն վերահսկել այդ դատավարության ընթացքը, որը լեգենդի վրա է հիմնված, իբր պատերազմական հանցագործություններ են կատարել 25 տարի առաջ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular