ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջ ընտրապայքար ակնկալել չենք կարող

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Երեկ պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը և առաջին օրը տեսանք նախկին բոլոր ուժերի և Նիկոլ Փաշինյանի կողմից միմյանց պատասխանելու ընտրած մարտավարությունը: Երկու օր առաջ էլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ասաց, որ եթե ինքը լիներ այսօրվա կառավարության փոխարեն, ապա ինքն իրեն կգնդակահարեի: Ռոբերտ Քոչարյանն էլ դուելի է կանչում Փաշինյանին:

Այս թեմայով զրուցել ենք Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի հետ։

Հարցին, թե ինչպիսի նախընտրական քարոզարշավի կարող ենք ականատես լինել՝ Բորիս Նավասարդյանը պատասխանել է․ « Ինձ համար արդեն վաղուց պարզ էր, որ առողջ ընտրապայքար ակնկալել չենք կարող։ Դրա համար մի քանի պատճառներ կան․  բավականին սուր քաղաքական իրավիճակը ՀՀ-ում, որը ձևավորվեց հիմնականում 44-օրյա պատերազմի արդյունքում, նաև այլ հանգամանքներ մինչ պատերազմը, որոնք նույնպես խոստանում էին քաղաքական մթնոլորտի սրացում: Դրան գումարած, բավականին սուր մրցակցություն ունենք, իսկ Հայաստանում ավանդաբար, երբ անկանխատեսելի են ընտրությունների արդյունքները, անմիջապես որպես գործիք սկսում են օգտագործվել և հայհոյանքը, և բամբասանքները, և իրար մեղադրելու միտումները: Վատագույն ավանդույթներով մենք դա տեսնում ենք այսօր:

Դա արդեն սկսվել էր մինչև պաշտոնական քարոզարշավի սկիզբը, որոշ չափով շարունակվելու է նաև հիմա: Թեև գոնե վերգետնյա հեռարձակում իրականացնող լրատվամիջոցների համար այս 12 օրը գործում են բավականին լուրջ կարգավորումներ, որոնք ենթադրում են ավելի հավասարակշռված լուսաբանում: Թե որքանով այդ իրավական սահմանափակումները կգործեն և կազդեն բովանդակության վրա, դեռ կտեսնենք։ Իսկ այլ տեսակի լրատվամիջոցները, կարծում եմ, շարունակելու են այնպես, ինչպես մինչև հունիսի 7-ն էր և նույնիսկ կարծում եմ՝ թեժանալու է այդ նախընտրական, տեղեկատվական պատերազմը»։

Անդրադառնալով բանավեճի կազմակերպմանը՝ Բորիս Նավասարդյանը ասել է․ «Կարծում եմ, որ մինչև բանավեճ կազմակերպելը շատ կարևոր է պայմանավորվել բանավեճի որոշակի կանոնների վերաբերյալ, որովհետև բոլոր քաղաքակիրթ երկրներում նախընտրական հեռուստաբանավեճերը հիմնվում են բավականին լուրջ կանոնակարգերի վրա: Հայաստանում այդ ավանդույթը չկա, մենք փաստորեն իրական հեռուստաբանավեճ ունեցանք միայն 2018-ին, երբ բացի թեմատիկ քննարկումներից եղավ նաև բոլոր ցուցակների առաջին դեմքերի ավարտական բանավեճ: Բայց այն ժամանակվա նախընտրական մթնոլորտը շատ ավելի կառուցողական էր, կար հանդուրժողականություն իրար նկատմամբ: Այսօրվա պայմաններում այդ կառուցողականությունը և հանդուրժողականությունը բացակայում են, և բանավեճերը կստացվեին միայն այն դեպքում, եթե հստակ կանոններ մշակվեին և այդ կանոններն ընդունելի դառնային բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք մասնակցում են ընտրություններին»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular