ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս քարոզարշավի ընթացքում մթնոլորտն ավելի կթեժանա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում՝ Հանրայինը պատրաստվում են նախընտրական բանավեճեր անցկացնել մասնակից ուժերի միջեւ: Այս թեմայով զրուցել ենք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ՝ պարզելու համար, թե բանավեճերից ինչ կարող ենք ակնկալել։

Հարցին, թե հաշվի առնելով նախընտրական ելույթները, արդյոք կարող ենք ակնկալել բովանդակային բանավեճ՝ Աշոտ Մելիքյանը պատասխանել է․ «Ինչ էլ ստացվի, ամեն դեպքում պետք է մեզանում ձևավորել բանավեճի մշակույթը: Չեմ բացառում, որ ինչ-որ տեղ դա թերի կամ շատ թերի լինի, ամեն ինչ շատ վատ ընթանա, բայց դա է բանավեճի մշակույթ ձևավորելու ճանապարհը և, ի վերջո, կարելի է նախնական պայմանավորվածություն ձեռք բերել, որ ոչ մի վիրավորանք, ատելության խոսք եթերի ժամանակ չհնչի, ինչը կարող է չափանիշներից մեկը լինել՝ թեկնածուների պարկեշտությունը գնահատելու համար: 2018 թվականին լռության օրվանից առաջ նախընտրական ցուցակի առաջին դեմքերի բանավեճը շատ լավ ավանդույթ կարող է դառնալ, որովհետև այն իսկապես մեծ լսարան հավաքեց և քաղաքական հետաքրքիր միջոցառում դարձավ»։

Անդրադառնալով այն հարցին, թե ԶԼՄ-ները այսօր ինչպես են լուսաբանում նախընտրական քարոզարշավը՝ Աշոտ Մելիքյանը պատասխանել է․ «Քարոզարշավի ընթացքը նախորդ ամիսներից մեծ հաշվով չի տարբերվում այն առումով, որ լրատվամիջոցները բևեռացված են, ճնշող մեծամասնությունը սպասարկում է ինչ-որ քաղաքական ճամբարների շահեր: Այս քարոզարշավի ընթացքում, ամենայն հավանականությամբ, մթնոլորտը մի քիչ ավելի կթեժանա, ավելի շատ մանիպուլյացիաներ, ֆեյք լուրեր կլինեն, այսինքն՝ կտեսնենք այն, ինչ նախորդ ամիսներին ենք տեսել  թեժ քաղաքական պայքարի ժամանակ, որտեղ կրկին տուժելու է հասարակ քաղաքացին, քանի որ իրար վարկաբեկելու, մանիպուլյացիաներով միմյանց փչացնելու միտումը որևէ օբյեկտիվ ինֆորմացիայի տեղ չի թողնի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular