ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը նպատակասլաց ոչնչացնում և վարկաբեկում է բանակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմում իր իսկ մեղքով խայտառակ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր նպատակամղված շարունակում է ոչնչացնել և վարկաբեկել հայկական զինված ուժերը։ Նախօրեին Արմավիրում Փաշինյանը լպիրշագույն և ցինիկ արտահայտություն է արել։

«Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք փող ծախսել զինվորի սննդի վրա. իսկ որ մարդիկ գալիս էին մտնում զորամասեր, կոնֆետ էին շպրտում, զինվորները, ճանկռվելով, այդ կոնֆետների հետևից վազում էին, դրանից պետք է ինքդ քեզ գնդակահարեիր»,- ասել է նա՝ խոսելով նախկին իշխանությունների մասին:

Գաղտնիք չէ, որ հայկական բանակն իր կազմավորման ընթացքում շատ բարդությունների միջով է անցել, եղել են նաև կոռուպցիայի դրսևորումներ, սակայն այն, ինչ անում է Փաշինյանը, հայ զինվորի կերպարի ոչնչացում է։ Առավել ևս, որ իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կոռուպցիայի որևէ դեպք այդպես էլ չի բացահայտել, որևէ մեկին բանակը թալանելու համար չի դատել։ Ավելին, սոցցանցերում Փաշինյանին ծաղրում և մատնանշում էին իր թիմի կազմը։

«Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակի 14-րդ համարը գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն է, որը մինչև 2000 թվականը եղել է Հայաստանի ամենամեծ զորամասերից մեկի՝ Արմավիրի ուսունական բրիգադի հրամանատարը, իսկ 2000-2008 թվականներին զբաղեցրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալի-զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնը։ Ի պաշտոնե հենց նա է պատասխանատու եղել բանակի սնունդի և հագուստի մատակարարումների համար։

Փաշինյանի մեկ այլ թիմակից էլ՝ ԲԴԽ գործող անդամ Գագիկ Ջհանգիրյանը 1997-2006 թվականներին եղել է ՀՀ զինվորական դատախազ, իսկ 2006-2008 թվականներին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Եվ ի պաշտոնե նա էր պարտավոր բացահայտել և պատժել զինված ուժերի թալանը։ Միգուցե կոնֆետ ճանկռողին Փաշինյանը փնտրի իր շրջապատում։ Շարքային այս դասալիքի գործողությունները դժվար է այլևս անմեղսունակություն ու չգիտության հետևանք անվանել, այն, ինչ անում է Փաշինյանը, զինված ուժերի դեմ մանրակրկիտ կազմակերպված տեղեկատվական և հոգեբանական դիվերսիա է, որի նպատակը Հայաստանը վերջնականապես թուլացնելն է։

Աշոտ Մանասյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular