«Հրապարակ».Փաշինյանը Ստեփան Դեմիրճյանին խոստացել է նախագահի պաշտոնը
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԹեպետ Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին բերել «Քաղպայմանագրի» ցուցակ, եւ այս թեմայով բանակցությունները տապալվել էին, սակայն իր վերընտրվելու դեպքում Ստեփան Դեմիրճյանին է խոստացել հանրապետության նախագահի պաշտոնը՝ պայմանով, որ չի միանալու իր քաղաքական կատաղի հակառակորդներին։ Նաեւ խնդրել է Դեմիրճյանին, որ ՀԺԿ-ականներն այս օրերին քննադատեն արմատական ընդդիմադիրներին եւ հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանին։
Ի դեպ, կային խոսակցություններ, որ Դեմիրճյանը ՀԱԿ-ի ցուցակում իր պատվավոր տեղը կունենա, ինչպես նախորդ ընտրություններին, եւ Տեր-Պետրոսյանը նրան նման առաջարկ է արել, բայց, ըստ ամենայնի, ՀԺԿ նախագահը լուրջ է ընդունել Փաշինյանի խոստումը, եւ ապագա նախագահ դառնալու հեռանկարը նրան դուր է եկել։ Նա ասպարեզ է բերել իր միակ եւ ծանր հրետանի Գրիգոր Հարությունյանին, ով այս օրերին ակտիվ հարցազրույցներ է տալիս եւ քննադատում Ռոբերտ Քոչարյանին, նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին։
Ի դեպ, լուրեր են շրջում, որ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ դառնալու դեպքում էլ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Վազգեն Մանուկյանը, ով նաեւ Քոչարյանի առաջարկով էր դարձել 17 ուժերի՝ ժամանակավոր վարչապետի թեկնածուն։