Շատ ներդրումային ծրագրեր ուղղակի սառեցվել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿենտրոնական բանկի նախագահը հայտարարում է, որ տնտեսությունը սկսում է շնչել, բայց դժվար է ասել, թե մարդիկ արդյոք նախընտրո՞ւմ են ներդրումներ անել։
Այս թեմայով զրուցել ենք ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ,«Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի հետ։
Հարցին թե Հայաստանը ներդրումների համար որքան գրավիչ է, Բաբկեն Թունյանը պատասխանել է․ «Հայաստանում ներդրումային միջավայրը գրավիչ է, թե ոչ, դա մի քիչ սուբյեկտիվ ընկալումների հարց է: Իմ կարծիքով, մենք հեղափոխությունից հետո ամեն ինչ արել ենք, որպեսզի Հայաստանը ներդրողների համար գրավիչ դառնա՝ թե հարկային օրենսդրության, թե մրցակցային միջավայրի, թե կոռուպցիան արմատախիլ անելու, թե մնացած առումներով, ուղղակի 2020-ին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք թույլ չտվեցին հասկանալ, թե որքանով է Հայաստանը գրավիչ ներդրումների համար: Շատ ներդրումային ծրագրեր ուղղակի սառեցվեցին: Հույս ունենանք, որ այս տարի կունենանք վերականգնում»։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչով է պայմանավորված 7․6 տոկոս տնտեսական անկումը Բաբկեն Թունյանը պատասխանել է․ «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 7,6 տոկոս տնտեսական անկումը տեղի է ունեցել կորոնովիրուսի հետեւանքով եւ աշխարհի բոլոր երկրներն ունեցել են տնտեսական անկում: Մեր դեպքում դժվարությունները խորացել են նաեւ պատերազմական գործողությունների հետեւանքով: Երբ կարող ենք հետ վերադառնալ նախաճգնաժամային վիճակին, եթե տնտեսությունը շարունակի այն տեմպերը ցուցաբերել, ինչ վերջին երկու ամիսներին, ապա կարծում եմ, որ հաջորդ տարվա սկզբին արդեն կարող ենք հայտարարել, որ լիարժեք հաղթահարել ենք տնտեսական ճգնաժամը»։
Սոնա Գիշյան