ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ղեկավարությունն ամեն կերպ փորձում է ջայլամային քաղաքականությամբ առաջ շարժվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Արդեն մեկ ամսից ավել է, ինչ ադրբեջանական զինուժը մեր սահմանները հատել է: Նրանք ոչ միայն չեն հեռանում ՀՀ պետական սահմաններից , այլև ամեն հնարավոր պահ օգտագործում են սադրանքներ իրականացնելու համար, որի արդյունքում ունենք զոհ և գերեվարվածներ:

Այս ամենի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

Հարցին, թե ստեղծված իրավիճակում իշխանությունների պատասխանը որքանով է ադեկվատ՝ քաղաքագետը պատասխանել է․ «Խոսել ադեկվատությունից կամ ոչ ադեկվատությունից այն պայմաններում, որտեղ գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարները՝ կարծում եմ սխալ է: Նրանք իրենք իրենց այնպիսի մի փակուղու առաջ են կանգնեցրել, որ այլ տարբերակ չունեն, քան ենթարկվել արտաքին քաղաքական պարտադրանքներին, առաջարկություններին և այլն: Խնդիրն այն է, որ նրանց առաջ հարց է դրվում. եթե հայկական կողմը փորձի ռազմական ուժ կիրառել և այդ ճանապարհով խնդիրը լուծել, ապա դա կորակվի որպես նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում, որի հետևանքների պատասխանատուն կլինի միայն Հայաստանը, մյուս կողմից էլ Ադրբեջանն էլ հայտարարում է, որ ռազմական ուժ կիրառելու դեպքում պատրաստ է փոխադարձաբար ռազմական ուժով խնդիրները լուծել: Ռուսական կողմն էլ իր հերթին բացատրում է, որ այս իրավիճակում չի կարող իր դաշնակցային պարտավորությունները կատարել, որովհետև Հայաստանի սահմաններն իրավաբանորեն ամրագրված չեն և հարց է, թե իրականում որտեղով են անցնում Հայաստանի սահմանները, որի ճշգրտման համար պետք է սահմանագծում և սահմանազատում կատարել, ինչն էլ կարող է իրավական նոր հետևանքներ ունենալ: Այսինքն, ստացվում է, որ Ռուսաստանից ռազմական օգնություն ստանալու համար Հայաստանը նախ և առաջ պետք է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի և սահմանների ճշգրտում իրականացնի, հակառակ պարագայում Հայաստանը կաշկանդված է, որ ռազմական ուժի դիմելու դեպքում ողջ պատասխանատվությունը պետք է ստանձնի հայկական կողմը: Հիմա, այս տեսանկյունից հայկական կողմը գտնում է, որ ինքը գործում է ադեկվատ, քանի որ ոչ ադեկվատ կլիներ, եթե նման իրավիճակում գնար պատերազմի՝ իր դաշնակիցների կողմից չունենալով երաշխիքներ և ռեսուրսներ:

Սակայն, եթե հարցը դիտարկենք Հայաստանի պետական շահը առաջ մղելու տեսանկյունից, իհարկե, ադեկվատություն չկա: Այսինքն, քաղաքական ղեկավարությունն ամեն կերպ փորձում է ջայլամային քաղաքականությամբ առաջ շարժվել և անտեսելով՝ սահմանին տեղի ունեցող դեպքերը, զբաղվում են դրամահավաքությամբ և նախընտրական քարոզարշավով և այլն՝ հույս ունենալով, որ դա աշխարհը չի նկատում և այդ կերպ խնդիրներից մի օր կազատվեն: Սակայն այդպես խնդիրները լուծում չեն ստանում, հակառակը՝ նորանոր խնդիրներ են ավելանում, քանի որ տեսնում ենք՝ ինչպես է Ադրբեջանը նոր խնդիրներ առաջ քաշում և շատ ագրեսիվորեն առաջ է մղում իր շահերը: Սա շարունակվելու է, երբևէ կանգ չի լինելու: Սա շատերն են հասկանում և միայն ռազմաքաղաքական ղեկավարությունն է ձևացնում, թե իբր չի հասկանում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular