ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրությունն ավելի խելամիտ և հասուն է, քան քաղաքական գործիչները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն մեկ շաբաթից ավել է, որ Հայաստանում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Մասնագետների կարծիքով այս քարոզարշավը նախորդների համեմատ չափազանց ագրեսիվ է և քաղաքական ուժերը իրենց ծրագրերը ներկայացնելու փոխարեն իրար վրա ցեխ են շպրտում և սպառնում են միմյանց։

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը մուրճով սպառնում է իր քաղաքական հակառակորդներին, իսկ ՀՀ երկրորդ նախագահը՝ կազմակերպություններ փակելու մասին է զգուշացնում:

Այս ամենի վերաբերյալ զրուցել ենք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանն ինչպես է գնահատում ընթացող քարոզարշավը՝ Զարուհի Հովհաննիսյանը պատասխանել է․ «Ցավալիորեն մենք այսօր մի իրավիճակում ենք, որը կարելի է որակել պայթյունավտանգ, որովհետև Հայաստանում երբևէ քարոզարշավն այսքան ատելության խոսքով, բռնության բառապաշարով և սպառնալիքներով լեցուն չի եղել: Սա ամեն օրը հանրությանը մոտեցնում է բավական խոր ճգնաժամի և պայթյունավտանգ իրավիճակի, որ այդ բոլոր սպառնալիքները կարող են նույնիսկ իրականություն դառնալ և դուրս գալ այլ տիրույթ, որն ամենևին վիրտուալ չէ: Այն, որ այսօր ընտրարշավին մասնակցում են Հայաստանի անկախացման տարիներին որևէ ներդրում ունեցած քաղաքական հիմնական դերակատարներն՝ իրենց թիմերով, ինքնին էլ ավելի է լարում իրավիճակը: Այն, որ բոլոր խմբերը, առանց բացառության, հնչեցնում են ատելության խոսք և նույնիսկ սպառնալիքներ, հստակ է, բայց այս ամբողջ գործընթացում պետք է առանձնացնել պետության դերը: Եթե դրան ներառվում է պետության փաստացի ղեկավարող խումբը, ապա դա արդեն վտանգներով լի է, որովհետև պետությունը պետք է լիներ այն զսպիչ մարմինը, որը պետք է կարգավորեր թե՛ ատելության խոսքը, թե՛ սպառնալիքների միջոցով բռնության գործադրումը»։

Անդրադառնալով այն հարցին, թե այս մթնոլորտը ի վերջո կարող է բախումների առիթ հանդիսանալ՝ իրավապաշտպանը պատասխանել է․ «Ես կարծում եմ, որ հանրությունն ավելի խելամիտ և հասուն է, քան այն քաղաքական գործիչները, որոնք տարբեր մանիպուլյացիաներով փորձում են հասնել իրենց կարճաժամկետ նպատակներին: Կարծում եմ, որ հանրությունը զերծ կմնա հնարավոր բախումներից, ուստի չեմ ուզում բացասական կանխատեսումներին ևս մեկն ավելացնել: Բայց որ քաղաքական ուժերի ձգտումը միանշանակ դա է, որ հնարավոր լարումները, գերպրկված իրավիճակը իրենց քաղաքական դիվիդենտներ բերի, ակնհայտ է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular