ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանությունի վերարտադրվելը կլինի ազգային դժբախտություն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԿԲ նախագահը ներկայացրել է տնտեսական աճի կանխատեսումները և հայտարարել է, որ 2021-ի տնտեսական աճը գնահատում է 4,6 տոկոս, այսինքն մի քանի անգամ ավելի, քան մարտին էր գնահատվել (1.6 տոկոս)։

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ։

Անդրադառնալով ԿԲ նախագահի կանխատեսումներին Թաթուլ Մանասերյանը ասել է․ «Կենտրոնական բանկի հետ չեմ կարող չհամաձայնել, որովհետև Կենտրոնական բանկը Հայաստանի անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, այն առումով, որ պրոֆեսիոնալների թիմ է հավաքված և քաղաքականացված չէ: Տարբեր տարիներին, անկախ նրանից, ովքեր են ղեկավարել Կենտրոնական բանկը, նրանք զբաղված են եղել իրենց արհեստավարժ աշխատանքով և նույնը շարունակում են այսօր: Այնուամենայնիվ, ես այն կարծիքին եմ, որ տնտեսական աճի ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել, եթե ունենանք արհեստավարժ ու ազգային մտածողությամբ կառավարություն: Թեև տարվա կեսն է, բայց այդ թիվը, այդ կանխատեսումը կարելի է կրկնապատկել: Ես կարծում եմ, որ անելիքները շատ-շատ են:

Մենք չպետք է նայենք՝ ինչ խորհրդարան է ձևավորվելու, մեր քաղաքացիական խորհրդում ստեղծել ենք հանձնախմբեր և փորձելու ենք ամեն կերպ սատարել իշխանություններին: Բայց, եթե այս իշխանությունը վերարտադրվի, կլինի ազգային դժբախտություն, ուղղակի ողբերգություն կլինի: Եթե այս իշխանությունները վերարտադրվեն, իրենց բնական մահով չեն մահանա: Իսկ մնացած դեպքերում, կարծում եմ, հնարավոր է գտնել ընդհանուր լեզու՝ ոչ միայն իշխանությանը վերահսկել ու հակակշիռների մեխանիզմներ ձևավորել, այլ նաև օգնել, որ ճիշտ քայլեր կատարվեն, որովհետև հիմա բոլոր առումներով՝ բարոյական, հոգեբանական, տնտեսական, քաղաքական, սոցիալական, հատակում ենք գտնվում: Չկա բնագավառ, որտեղ ունենանք բավարար վիճակ»։

Անդրադառնալով հարցին, թե տնտեսագետն ինչպես է գնահատում այն իրավիճակը, երբ արդեն երրորդ օրն է ինչ Ազգային ժողովը չի կարողանում 2020-ի բյուջեի կատարողականը քննարկել, ընդունել տնտեսագետը պատասխանել է․ «Դե, անկեղծ ասած, այս իրավիճակում ես այլ բան չէի էլ ակնկալում: Այս իրավիճակում, երբ պետությունն անդունդի մեջ է, սա սովորական նախընտրական վիճակ չէ: Երկիրը քայքայվել է, պետականությունն է քայքայվում, բյուջեի կատարողականն ու՞մ աչքին է երևում: Դուք երբևէ տեսե՞լ եք, որ քաղաքի փողոցներում երկրի ղեկավարի լուսանկարի վրա խաչ քաշած նկարներ լինեին»։

Սոնա Գիշյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular