ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է կաթողիկոս Գարեգին Բ-ի այցը Ղարաբաղ առաջացրել Բաքվի դժգոհությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

iarex.ru-ն գրում է, որ այն բանից հետո, երբ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսը ներկայացուցչական պատվիրակությամբ եռօրյա այց է կատարել Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրան դիմավորել են Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը և երկու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, դժգոհություն է առաջացել Բաքվում: Ի դեպ, հիշեցնենք, որ կաթողիկոսը Սյունիքից էր գնացել Ստեփանակերտ, որտեղ սրվել են հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները:

Ադրբեջանական լրատվամիջոցները մեկնաբանել են հայ առաքելական եկեղեցու առաջնորդի այցը: Մասնավորապես Media.az-ը «Հայաստանում հունիսի 20-ին նշանակված ընտրությունների» համատեքստում գրել է, որ «իշխող դասը գնալով ավելի հաճախ է դիմում բացահայտ սադրիչ քայլերի այն ուղղությամբ, որին տեղական քաղաքական գործիչները արդեն երեք տասնամյակ հետևել և համարել են առավել շահավետ հաղթաթուղթ հակառակորդների դեմ իրենց պայքարում»: Հրապարակման համաձայն հայ զինծառայողներին օրհնած Գարեգին Բ-ի այցը «սադրիչ» է եղել: Բայց բանը միայն Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը չէ:

«Խանքենդիում (Ստեփանակերտ) կաթողիկոսին հանդիպած մարդկանց մեջ է եղել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարի զինծառայողների հետ հոգևոր աշխատանքի գծով օգնական հայր Բորիս Գրիշինը, - շարունակել է կայքը, - ստացվում է, որ խաղաղապահները ոչ միայն թույլատրում են Ադրբեջանի տարածք ներթափանցել այնպիսի անձանց, որոնց գործողությունները լիովին հակասում են Ադրբեջանի օրենսդրությանը, այլ նաև անում են հայտարարություններ, որոնք հակասում են ռուսական զորամիավորման կողմից իրականացվող առաքելության էությանը, ինչպես նաև ուղղակիորեն խրախուսում են պարտված հայկական օկուպացիոն զորքերի մնացորդների ոգեշնչման գործողություններին: Ակնհայտ է, որ խաղաղապահ գործունեության նման դրսևորումները հղի են միայն տարածաշրջանային նոր ապակայունացմամբ»:

Այս կարծիքը, իհարկե, կարելի էր անտեսել, բայց ադրբեջանական մամուլը հրապարակել է նաև Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունը, որում նա հայտարարել է. «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերջերս կատարած այցը Խանքենդի (Ստեփանակերտ) և այնտեղ արված ռևանշիստական ​​հայտարարությունները ծայրահեղ ափսոսանք են հարուցում»: Փաշազադեի խոսքով  «Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ անցկացված հանդիպումների շնորհիվ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Վրաց ուղղափառ եկեղեցու, Վատիկանի և հատկապես Ռուսաստանի, Մոնտրոյի, Ռոստովի, Մոսկվայի, Թբիլիսիի, Երևանի և Բաքվի Ուղղափառ եկեղեցիների կրոնական առաջնորդների բարձրագույն միջնորդությամբ թույլ չի տվել, որ հակամարտությունը անցնի կրոնական հարթության», սակայն «հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորմանն ուղղված ջանքերը չեն պաշտպանվել հայկական եկեղեցու կողմից»: Մինչդեռ, նախքան 2020 թվականի աշնանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմը սկսելը, շեյխ-ուլ-իսլամը մի քանի անգամ հանդիպել է հայ կաթողիկոսի հետ: Իսկ 2017 թվականի սեպտեմբերին ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Փաշազադեի և Գարեգին Բ-ի Մոսկվայում կայացած հանդիպումից հետո, երեք հոգևոր առաջնորդները նույնիսկ լիովին խաղաղ հայտարարություն են ստորագրել հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ:

Ճիշտ է, այն ժամանակ հայերը գործել են ուժային դիրքերից: Հիմա դա անում են ադրբեջանցիները: Հիմա հարցն այն է, թե այս դեպքում ի՞նչ կա Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահի մտքում, արդյո՞ք սա նրա անձնական գաղափարն է այն մասին, թե ինչպես պետք է խոսել Հայ Առաքելական եկեղեցու հետ, թե՞ այստեղ այլ գործոն կա: Մեր կարծիքով, այստեղ վերջինն է, քանի որ սովորական կյանքում կրոնական անձինք, եթե հարցը չի վերաբերվում քաղաքականությանը, հանգիստ շփվում են միմյանց հետ առանց ավելորդ հույզերի: Սակայն ներկայումս Բաքվում ինչ որ մեկին տագնապեցրել է Գարեգին Բ-ի այցը Լեռնային Ղարաբաղ, որը առաջինն է տեղի ունեցած երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, և հաջորդել է ապրիլի վերջին Հայ առաքելական եկեղեցու պատվիրակության ուղևորությանը Միացյալ Նահանգներ։ Ինչպես հայտնել է կաթողիկոսի մամլո ծառայությունը Գարեգին Բ-ն մեկնել է երկրի արևելյան ափեր, իսկ նրա լեգատ Պարգև արքեպիսկոպոսը, որը նախկինում ղեկավարել էր Արցախի թեմը, հատուկ առաքելությամբ մեկնել է արևմտյան ափ: Եկեղեցու բարերարների հետ շփվելուց բացի, տեղի են ունեցել նաև «նախատեսված հանդիպումներ այլ անձանց և կազմակերպությունների հետ, որոնց ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքներին և առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր»:

Հաշվի առնելով այն, որ ներկայումս Վաշինգտոնը, որը պասիվ էր Լեռնային Ղարաբաղի համար մղվող մարտերի ընթացքում, այժմ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի փոփոխության հետ մեկտեղ ակնարկում է, որ հակամարտության կարգավորման ինչ որ ծրագիր ունի, բնականաբար կաթողիկոսի այցը Ստեփանակերտ կարող է Բաքվում ընկալվել որպես տարածաշրջանում ամերիկյան նոր քաղաքականության կրոնական հարթությունում իրականացում: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը կասկածի տակ է առնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը պնդելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման անհրաժեշտությունը, մինչդեռ Բաքուն անընդհատ հավաստիացնում է, որ այդ խնդիրը հանվել է օրակարգից: Թերևս դա է Փաշազադեի բազմանշանակ հայտարարության պատճառը: Ի վերջո, այդ ամենը կարող է քրիստոնեական Արևմուտքում ստեղծել Լեռնային Ղարաբաղում միջկրոնական բախման տպավորություն, որը, ըստ Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահի, ինքը փորձում էր կանխել այս ամբողջ ընթացքում: Այս իրավիճակում շեյխ-ուլ-իսլամի համար ամենաօպտիմալը կլիներ գնալ Էջմիածին և չեզոք տարածքում պայմանավորվել կաթողիկոսի հետ նոր հանդիպման մասին: Հավանական է, որ եթե Փաշազադեն և Գարեգին Բ-ն այդ հարցով օգնության խնդրանքով դիմեն Մոսկվայի պատրիարքարան, ապա պատրիարք Կիրիլը չի ​​մերժի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular