ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր ուժին են աջակցում «Տաշիր»- ի սեփականատերերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը այսօր առավոտյան, երբ քարոզարշավի ավարտին հաշված ժամեր են մնացել, որոշել է հանդես գալ հայտարարությամբ և կոչով դիմել հանրությանը։

Նրա տարածած հաղորդագրությունից, սակայն, չի հասկացվում՝ ինչ է ուզում հայ անվանի միլիարդատերը, որ ուժի օգտին է ուղղորդում հանրությանը, որ ուժի կողմն է նրա համակրանքը։ Հիմնականում անորոշ ձևակերումներ են՝ համեմված հայրենասիրական պաթոսով։

«Հուսով եմ, որ ողջամտությունն ու ազգապահպանության մղումը գերակա կլինեն։ Հուսով եմ, որ ընտրությունները կավարտվեն պաշտոնական տվյալների ամփոփմամբ, այլ ոչ թե ներքաղաքական լարվածության նոր շրջափուլով։ Երկիրը հասարակական համերաշխության սուր կարիք ունի։

Սիրելի քույրեր և եղբայրներ, ես անկեղծ հավատում եմ, որ մենք կհաղթահարենք այս մարտահրավերը։ Եվ կշարունակենք հպարտանալ մեր ընդհանուր հայրենիքով այնպես, ինչպես հպարտացել ենք միշտ։

Ես անկեղծ հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ահա այսպես՝ անկեղծ ցանկություններով է ավարտել իր ուղերձը Սամվել Կարապետյանը։

Նա, հիշեցնենք, տարիներ շարունակ եղել է նախկին իշխանությունների մտերիմը, ընտրություններին մշտապես աջակցել է ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին, նրա հարազատ եղբայրն էլ ՀՀԿ-ական պատգամավոր էր մի քանի տարի, եւ անգամ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը ինչ-որ շրջան։ Այս անգամ, ասում են, Կարապետյանները երկար ժամանակ որևէ մեսիջ չեն փոխանցել իրենց թիմին, թե ում օգտին կաշխատեն նրանք։ Իսկ նրանք ընտրությունների կազմակերպման մեծ փորձ ունեն, եւ 2017-ին Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին ամենամեծ ձայները բերողն էր։ Նրանք, որպես կանոն, Լոռվա մարզի ասողներն են, իսկ այս անգամ ընտրությունների նրանց «կազմակերպիչները» մնացել են անգործ, եւ անգամ նոր տերեր էին փնտրում, որ աշխատեն։ 

Շատերը, սակայն, Սամվել Կարապետյանի այս հայտարարությունից եզրակացրել էին, որ նա հանրությանն ուղղորդում է քվեարկել Ռոբերտ Քոչարյանի ու նրա գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին, չնայած ՀՀԿ-ն այս ընտրություններին մասնակցում է «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում։

Մոսկվայից մեր աղբյուրները հայտնեցին, որ Կարապետյանները նեղ վիճակում են հայտնվել՝ չգիտեն բացահայտ որ ուժին աջակցեն, որ մյուսը չնեղանա, եւ հետընտրական փուլում էլ իրենք խնդիրներ չունենան։ Սամվել Կարապետյանը հատուկ համակրանք չունի որևէ ուժի նկատմամբ, հոգեպես հակված է դեպի Ռ․ Քոչարյանը, բայց բարոյական պարտավորություններ ունի Սերժ Սարգսյանի հանդեպ, ուստի թիմին հատուկ չի կողմնորոշել եւ իր «տասովշիկներին» էլ հրահանգ չի իջեցրել։ Թեեւ դրանից կարող է Նիկոլ Փաշինյանը շահել:  Եվ այս կամուկացի պատճառով էլ իր հայտարարության մեջ որևէ անուն չի նշել։ Սակայն Տաշիրի շրջանից հասնող լուրերի համաձայն՝ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, վերջին օրը Տաշիրի իր ընտրողներին ուղղորդել է դեպի Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինք։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular