ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չունեցանք որակյալ քարոզարշավ, կասկածում եմ, որ ընտրությունների արդյունքների լեգիտիմության հարցում լինի կոնսենսուս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում արդեն ավարտվել է նախընտրական քարոզարշավը։ Քարոզարշավի ընթացքի մասին զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Հարցին, թե ինչպիսի քարոզարշավի ականատես եղանք քաղաքագետը պատասխանել է․ «Քարոզարշավի մեկնարկից առաջ էլ կանխատեսումներ արել էի, ինչը իրականացավ։ Քարոզարշավը շատ անտագոնիստական ստացվեց, եթե ուշադիր դիտարկենք, կնկատենք, որ ծրագրային, քաղաքական, բովանդակային մրցակցության բաղադրիչները շատ քիչ են: Քարոզարշավի հիմնական ֆավորիտները միմյանց պիտակավորում են «կապիտուլյանտ», «թալանչի» բառերով, էլ չեմ խոսում այն անթույլատրելի բառապաշարի մասին: Հասարակությունը տեսավ, թե ով և ում ավելի բարձր կամ ավելի «շքեղ» կարող է հայհոյել ու պիտակավորել: Ի դեպ, Հանրայինի կազմակերպած երկու փուլով անցկացվող բանավեճը` լավագույնս ցույց տվեց այս քարոզարշավի իրական պատկերը, այսինքն՝ այն չստացվեց, որովհետև ֆավորիտների զգալի մասը չմասնակցեց: Ցավով պետք է նշեմ, որ անտագոնիզմի հիմնական աղբյուրը շարունակում էր մնալ իշխանությունը, որովհետև իր կարգավիճակին բնորոշ զսպվածություն, հանդուրժողականություն չցուցաբերեց, ավելին ասեմ, ես հակված եմ մտածելու, որ Փաշինյանի մուրճը դառնալու է այս քարոզարշավի գլխավոր սիմվոլներից մեկը, բնականաբար՝ վատ իմաստով: Աննախադեպ անտագոնիստական մթնոլորտը, ցավոք սրտի, չի ավարտվելու քարոզարշավով, հունիսի 20-ին, մեծ հավանականությամբ, տեղափոխվելու է ընտրատեղամասեր, հետո՝ գուցե փողոցներ: Քանի որ չունեցանք որակյալ քարոզարշավ, խիստ կասկածում եմ, որ ընտրությունների արդյունքների լեգիտիմության հարցում լինի կոնսենսուս, իսկ սա բերելու է քաղաքական ճգնաժամի խորացման: Քարոզարշավն առանձնացավ նաև նրանով, որ մասնակցում էին Հայաստանի նախկին ու ներկա բոլոր ղեկավարները, ինչը նպաստեց, որ այն ընթանա նախկին-ներկա տրամաբանությամբ՝տեղ չթողնելով ապագային»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իր ղեկավարած ուժը 60 տոկոս քվե է ստանալու քաղաքագետը պատասխանել է․ «Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հայտարարություններ է արել, որոնք կապ չունեն իրականության հետ, օրինակ՝44 օր հաղթում էինք, բայց վերջին ժամերին պարզվեց, որ պարտվում ենք, 3 տարվա ընթացքում նմանատիպ դեպքերի պակաս չենք ունեցել: Փաշինյանի նման պնդումը ես ուղղակի հրահանգ եմ համարում պետական մարմիններին՝ կիրառել վարչական ռեսուրս, տոտալ ձևով, այլ ճանապարհով ոչ ոք կայուն մեծամասնություն չի կարող ստանալ»։

Սոնա Գիշյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular