ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունները ավարտվել են․ մեկնաբանում են քաղաքագետները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53,92 տոկոսը։ ՀՀ երկրորդ նածագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է 21,04 տոկոս ձայն։ Որևէ այլ կուսակցություն կամ դաշինք չի կարողացել հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոս շեմերը։ Սակայն, ըստ օրենքի, եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։ Այդ ուժը Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը ստացել է ընտրողների ձայների 5,23 տոկոսը։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները նոր խորհրդարանում չեն լինի։

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեկնաբանություններ են արել քաղաքագետներն ու քաղաքական վերլուծաբանները։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ընտրությունների ելքին, գրել է․ «Ինձ թվում է, որ new ընդդիմության անելիքները պետք է պարզ լինեն։ Նախ, սուս ու փուս վերցնում ենք մանդատներն ու գնում եք խորհրդարան։ Հիմա խիպիշներ չեք սարքում, ՔՊ-ն կրել ա, մի քիչ ավել ադմինիստրատիվ լծակ, մի քիչ պակաս, մեծ հաշվով պատկերը դրանից չի փոխվում։ Գնում եք խորհրդարան այնտեղ լռելու համար' ծպտուն չեք հանում, հրաժարվում եք բոլոր սահմանադրական պաշտոններից' ԱԺ փոխնախագահից, ընդդիմության համար նախատեսված հանձնաժողովների նախագահներից ու տեղակալներից եւ մյուս բաներից, քննարկումներին չեք մասնակցում, այսինքն ձեւավորվում է ցածր լեգիտումություն ունեցող խորհրդարան։ Լուռ նստում եք ու սպասում հարմար պահին, երբ ժամը գա, վայր եք դնում մանդատներն ու ստեղծում խորհրդարանական ճգնաժամ, որը կավարտվի նոր արտահերթ ընտրություններով, իսկ մինչ այդ որեւէ նախաձեռնություն, որեւէ քննադատություն, լաց ու կոծ չեք անում։ Իսկ այդ ժամը գալու է, երբ ստիպված լինեն կատարել իրենց վրա վերցրած արտաքին պարտավորությունները, երբ անգամ վերջին բոմբժի աչքերը բացվեն։ Արցախը հանգիստ թողեք, դա հիմա միջազգային տարածք է, այնտեղ այլ գործընթացներ են գնում, Հայաստանի մասին մտածեք։ Մոռացա ասեմ, թարգում ենք եղած կուսակցություններն ու նոր շարժում ենք սկսում, ոչ պոպուլիստական, սա ամենաբարդն է»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը գրել է․ «Նոր խորհրդարանում հայտնվեցին երկու հակադիր բևեռներ: Քաղաքացիական պայմանագիրը կլինի իշխանություն, իսկ մյուս երկուսը՝ ընդդիմություն: Սա նշանակում է, որ քաղաքական դաշտը ծայրահեղականացվում է և չեն լինելու բուֆերային, հավասարակշռող ուժեր, որոնք կարող են լուրջ ազդեցություն գործել քաղաքական գործընթացների վրա: Իրավիճակը բավականին անհանգստացնող է: Այնուամենայնիվ՝ Քաղաքացիական պայմանագիրը ունի հնարավորություն փոխլրացնելու այս հակադրությունը: Դրա համար անհրաժեշտ է ժողովրդավարական դաշտում գոյություն ունեցող այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների առաջարկել լինել կառավարության կազմում: Սա մի կողմից կբարձրացնի պետական համակարգի աշխատանքի արդյունավետությունը, իսկ մյուս կողմից՝ քաղաքական որոշումների կայացման գործընթացում այլ դերակատարների մոտեցումների ներառման հնարավորություն կստեղծի»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ խորհրդարանը լուծարելու տարբերակ է առաջարկել «Միակ տարբերակը, որ նորընտիր խորհրդարանը լուծարվի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների բոլոր անդամները պետք է հրաժարվեն մանդատներից... Բայց կանե՞ն...»։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ևս մեկնաբանել է ընտրությունների արդյունքները․ «Ընտրությունն արտացոլում է եղած օբյեկտիվ պատկերը: Ընդ որում նաեւ այսպես ասած աշխարհաքաղաքական շրջանակի առումով:

Ոչ թե դուրեկան, լավ, իդեալական, երազանքի, այլ օբյեկտիվ պատկերը: Կարեւոր է, որ խորհրդարանում արտացոլվի այդ պատկերը, իսկ մյուս քաղաքական ուժերն էլ անեն նույնքան օբյեկտիվ ու ամբողջական եզրահանգում՝ այդ պատկերը փոխելու, հայկական քաղաքականությանը որակական աճ բերելու ճանապարհի առնչությամբ:

Քաղաքականությունը տարիների համառ ու համբերատար աշխատանքն է, որը պահանջում է ռեսուրսների լայն շրջանակ՝ սկսած գաղափարներից, արժեքներից, մինչեւ այո՝ ֆինանսատնտեսական ռեսուրս: Աշխարհի որեւէ երկրում ընտրությունը զերծ չէ մարդկանց նյութապես շահագրգռելու բաղադրիչից, պարզապես կան զարգացած համակարգեր, որտեղ այդ տեխնոլոգիաները փաթեթավորվում են ավելի արդիական ձեւաչափերով:

Որեւէ ուժ թող հետընտրական շրջանում իրեն չմատուցի իբրեւ «անգետ» ժողովրդի քիմքից վեր՝ «չգնահատված ինտելեկտուալ համեմունք»: Կան հին ուժեր, որոնք ի վերջո պետք է դադարեն մասնակցել որեւէ ընտրության, եթե մասնակցության ամբողջ «մեխը» մի 20 կամ 30 տարի առաջ «ճիշտ» եղած լինելն է, այն էլ մեկ մարդու ճիշտ եղած լինելը: Կան ուժեր, որոնք նոր եմ կամ համեմատաբար նոր, եւ պետք է դադարեն փորձել նախկին իշխանության ու նոր իշխանության թերությունները, խնդիրները կամ արատները որպես սեփական առավելություն հանրության վրա վաճառելու փորձը, թեկուզ ազգային համերաշխության հնչեղ կարգախոսների ներքո: Ձեզ կամ մարդկանց մի դրեք լուսնից իջածների տեղ, աշխատեք ձեր բովանդակային եւ կոնկրետ առավելություն առաջարկելու վրա:

Կան ուժեր, որոնք ունեն գաղափարական-բովանդակային առարկայականություն Հայաստանի պետական զարգացման ճանապարհների վերաբերյալ, բայց դրանք հղկված չեն, եւ հենց դրա համար է պետք պատրաստ լինել տարիների համառ աշխատանքի, ընդ որում պատրաստ լինելով այդ ճանապարհին շատ անհաջողությունների: Առանց դրա հնարավոր չէ:

Եվ կան ուժեր, որոնք ստեղծվեցին ընտրությունից մեկ ամիս կամ երկու ամիս առաջ: Դա ես համարում եմ քաղաքական անհամարժեքություն եւ ծաղր հանրության հասցեին: Եվ էդ առումով նույնիսկ կարծում եմ, որ արժե մտածել անգամ Ընտրական օրենսգրքով այդ հանգամանքը կարգավորելու մասին:

Պատրանք ունենալ պետք չէ, մենք դեռ տեւական ժամանակ չենք ունենալու որակական եւ բովանդակային քաղաքականություն: Բայց որեւէ ժամանակ դա ունենալու համար մենք պետք է եղած քաղաքականությանը վերաբերենք օբյեկտիվ, լուծումները փնտրելով ոչ թե «նվնվոցի», այլ ախտորոշման ու աշխատանքի մեջ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular