ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանյան ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետընտրական  առաջին օրը հայաստանյան  ընտրությունները  բուռն արձագանքի են արժանացել միջազգային մամուլի և կազմակերպությունների կողմից։ Քվեարկության արդյունքների վերջնական հրապարակումից անմիջապես հետո  ընտրությունների մասին կարծիք են հայտնել ԱՊՀ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը, արձանագրելով, որ խախտում չի գրանցվել․ «Ընտրությանը սահմանադրական կարգի և օրենքի խախտում չի գրանցվել»։ 
Բրիտանական BBC-ն անդրադառնալով ընտրությունների ելքին գրել է․ «Հայաստանում ընտրությունների նախնական արդյունքների  համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ձայների 58%-ը: Մինչդեռ նրա հիմնական հակառակորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, թե ընտրությունները կեղծված են: Հիշեցնենք որ  Ռոբերտ Քոչարյանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերն ու դաշնակիցն է և  ինքն էլ նախկինում մեղադրվել է նախագահական ընտրությունները կեղծելու մեջ, որին հաջորդել են 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները»:
 ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունն էլ  հայաստանյան ընտրությունները որակել է մրցակցային․ «Հայաստանում ընտրությունները եղել են մրցակցային, պահվել են մարդու հիմնարար ընտրական իրավունքը»։

Բրիտանական The Guardian-ը գրում է, որ ընտրապայքարն իրականում հիշեցնում էր երկու ձիով մրցավազք: Թերթը հիշեցնում է, որ բևեռացնող հռետորաբանությամբ աչքի ընկած քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ իր կուսակցությանն անհրաժեշտ է ձայների 60%-ը: Ինքը՝ Քոչարյանը, նախկինում մեղադրվել է իր՝ ջանասիրաբար ընտրված դաշնակցի օգտին ընտրությունները կեղծելու և 2008թ. ցուցարարների բողոքի ակցիան ցրելու մեջ, որը արդյունքում եղել են քաղաքացիական բախումներ և զոհեր: Ըստ The Guardian-ի՝ 2018թ. Հայաստանը միջազգային գովասանքի է արժանացել իր առաջին ազատ և արդար ընտրություններն անցկացնելու համար:

Reuters-ը, վկայակոչելով ԿԸՀ նախնական արդյունքները, հիշեցնում է, որ Արցախյան պատերազմում պարտությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունները միտված էին վերջ դնելու Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամին: Պարբերականը վստահ է, որ փողոցային պայքարի արդյունքում իշխանության եկած Փաշինյանը ավելի սառը հարաբերություններ ունի Կրեմլի հետ: Նաև հիշեցնում է, որ Քոչարյանը Հայաստանում նախագահել է 1998-2008թթ. և մեղադրվում է հակասահմանադրական գործունեության մեջ, քանի որ 2008թ. վիճելի ընտրություններից հետո հայտարարեց արտակարգ դրություն, որից հետո ոստիկանության և ցուցարարների միջև բախումների արդյունքում 10 քաղաքացիական անձ մահացավ:

РИА новости  ռուսական պարբերականն էլ գրել է «Կրեմլը տեսնում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի կուսակցության  համոզիչ հաղթանակը, շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս անդրադարձել է ընտրությունների արդյունքներին․ «Մենք տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակ է տարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը։ Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ», - նշել է Պեսկովը՝ հավելելով, որ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն ու գործընկերն է։ «Իհարկե, մենք ցանկանում ենք, որ հայ ժողովրդին այդ ընտրությունը օգնի հաղթահարել դժվարությունները, այդ թվում և եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով, որոնք ձեռք են բերվել և ստորագրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ»,  հավելել է Պեսկովը:

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular