ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն նոր խորհրդարանում ինչ ուզի՝ կարող է ընդունել. սահմանադրագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխող ուժը ստացել է ԱԺ մանդատների 2/3-ը և ըստ էության ոչինչ չի փոխվել, նրանք մեծամասնություն են և կարող են ինքնուրույն ընդունել ցանկացած օրենք, անգամ սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նոր ձևավորվող խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն այս առումով չեն կարող որևէ ազդեցություն ունենալ սահմանադրական օրենքներն ընդունել-չընդունելու հարցում։ Գոհար Մելոյանը հստակեցրեց՝ եթե ՔՊ-ն խորհրդարանի 3/5-ը լիներ, այդ պարագայում մի շարք հարցերում քվեարկությանն անհրաժեշտ կլիներ մի խումբ ընդդիմադիրների մասնակցությունը, բայց ոչ թե 3/5-ն են, այլ 2/3-ը։

«Հիմա հարաբերակցությունն էլ է փոխվել, եթե այն ժամանակ իշխող մեծամասնությունը 132 պատգամավորի 88-ն էր, հիմա՝ 107-ի 77-ն է։ Այդ ուժն ինչ ուզի կարող է ընդունել, ինչ չուզի կարող է չընդունել»,-նշեց Գոհար Մելոյանը։

Վերջինս նկատեց՝ ամեն դեպքում ընդդիմադիրները հնարավորություն ունեն օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել և եթե իշխող ուժը զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տապալի դրանք, ապա հանրությունն իրազեկված կլինի այդ մասին։

«Ընդդիմությունը գոնե կարող է օգտվել բարձր ամբիոնից։ Խորհրդարանական դիվանագիտություն իրականացնելու համատեքստում մի շարք լիազորություններ են ստանում, որովհետև ընդգրկվում են տարբեր բարեկամական խմբերում, միջազգային կազմակերպություններում։

Բացի այդ՝ կարող են կառավարությանն անընդմեջ հարցեր ուղղել, խորհրդարանական վերահսկողություն իրականացնել, հարցապնդումներ անել։ Իմ կարծիքով՝ գոնե ամբիոնից օգտվելը հանրային իրազեկման տեսանկյունից շատ կարևոր է, որովհետև Հանրապետության տարածքում ծածկույթ ունեցող հիմնական հեռուստատեսությամբ ընդդիմադիրները հնարավորություն կունենան բարձրաձայնել անընդմեջ գործող ուժի թերացումների և երկրում առկա խնդիրների մասին»,-ասաց Գոհար Մելոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular