ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է թաքցնում Անահիտ Ավանեսյանը. միլիոնավոր դոլարների օժանդակության հետքերով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախորդ տարի՝ կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգընթաց, Հայաստանը տարբեր երկրներից ստացավ աջակցություն՝ թե’ գումարի, թե՛ այլ միջոցների՝ մասնավորապես բժշկական պարագաների, թեստերի, դիմակների, դեղորայքի և այլնի տեսքով։ Հայաստանի կառավարությունը, բացի ստացած օգնություններից, նաև տարբեր վարկեր վերցրեց՝ կորոնավիրուսը «կանխարգելող» միջոցառումներ իրականացնելու և վարակը «հաղթահարելու» ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ՝ կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակներում 2020թ.-ի սկզբից մինչև 2021թ. հունվարի 25-ը Հայաստանը ստացել է 257 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն, որի գրեթե կեսը՝ վարկի տեսքով։

COVID-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու համար ամենամեծ ֆինանսական օժանդակությունը Հայաստանին հատկացրել է Եվրամիությունը։ Ընդհանուր առմամբ՝ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել 98,5 մլն եվրո գումար հատկացնել, որից 59,63 մլն եվրո արդեն իսկ հատկացվել է՝ Կառավարության աջակցության 5 ծրագրերի շրջանակներում։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը 1 մլն դոլար է հատկացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով՝ համավարակի տարածման գործում ճգնաժամային հաղորդակցությունն ու համայնքային ներգրավվածությունը խթանելու նպատակով։ Եվս 1,8 մլն դոլար գործակալությունը հավելյալ հատկացրել է սոցիալական աշխատակիցների վերապատրաստման, հասարակական աջակցության տրամադրման, ինչպես նաև առավել խոցելի խմբերին և նրանց ընտանիքներին աջակցելու համար։ Եվս 1,2 մլն ԱՄՆ դոլար ՄԶԳ-ն ուղղել է Հայաստանում բացասական տնտեսական հետևանքները մեղմելուն։

Հաջորդը Ճապոնիայի դեսպանատունն է, որը 3,8 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել՝ ճապոնական բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար:

COVID-19-ի կանխարգելման շրջանակներում Հայաստանին մի քանի անգամ աջակցություն է հատկացվել նաև ՄԱԿ-ի ենթակա կառույցներից (ընդհանուր՝ 2,5 մլն դոլար)։

Համավարակի դեմ պայքարի համար ծախսված գումարների իրացման հետ կապված բազմիցս կասկածներ են հնչել։ Այդպես էլ, կարծես, հստակություն չկա, թե 1 հիվանդի բուժման ծախսերը որքան են կազմում։ Հայտնի է, որ կորոնավիրուսով վարակված ռեանիմացիոն հիվանդի բուժումը նստում է շուրջ 1 մլն դրամ։ Այս թիվը ժամանակին հնչեցրել է առողջապահության նախարարը։

Իհարկե, առողջապահության նախարարությունը պարբերաբար ներկայացնում է այն ծախսերը, որոնք կատարվել են համավարակի դեմ պայքարի շրջանակներում, սակայն այդ հաշվետվություններից հասկանալի չէ՝ վերը նշված դրամաշնորհներից քանի միլիոնն է ծախսվել, քանիսը՝ ոչ: Ընդհանրապես հասկանալի չէ՝ այս միջոցները ներգրավվե՞լ են, թե ոչ , իսկ եթե ներգրավվել են՝ ապա ինչ չափով և որ կարիքների սպասարկման վրա են ծախսվել: Նման լռությունը ավելի շատ նման է հանրությունից ինչ-ինչ հանգամանքներ թաքցնելու ցանկությանը, մինչդեռ կառավարությունը խոստացել էր աշխատել բաց և թափանցիկ: Այդ իսկ պատճառով նախարարությունը պարտավոր  է հանրությանը ներկայացնել, թե արտերկրից ստացված միլիոնավոր դոլարները ինչի վրա են ծախսվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular