Գագիկ Սուրենյանը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. այս գիշեր ...
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱմենացուրտ գիշերը
Անդրադառնալով առաջիկա 5 օրերին սպասվող եղանակային կանխատեսումներին՝ օդերեւութաբանը տեղեկացրեց, որ ներկա պահին հանրապետության տարածքում նկատվում է արկտիկական օդի բուռն ներհոսք: Այդ հոսանքները մեր երկիր են ներթափանցում Ռուսաստանի եվրոպական տարածքից:
«Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը զգալի նվազել է: Հատկապես շատ ցուրտ է լեռնային մարզերում: Առանձին բնակավայրերում այսօր ջերմաստիճանը չբարձրացավ մինուս 10-ից»,- ընդգծեց Գագիկ Սուրենյանը:
Նրա փոխանցմամբ՝ հանրապետությունում ցուրտ օդի ներթափանցմանը զուգահեռ առկա են ուժեղ քամիներ՝ վայրկյանում մինչեւ 25 մ/վ ուժգնությամբ պոռթկումներ: Այդ քամիները, ըստ նրա՝ կպահպանվեն մինչեւ վաղը կեսօր:
«Այսօր գիշեր լինելու է ամենացուրտը: Լեռնային շրջաններում՝ հատկապես Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի առանձին բնակավայրերում ջերմաստիճանը գիշերը կհասնի մինչեւ -20...-25 աստիճանի, Արարատյան դաշտում, Երեւանում՝ մինչեւ -10...-12 աստիճանի, Սյունիքի եւ Տավուշի հովտային գոտիներում՝ մինչեւ -10 աստիճանի, որը նորմայից ցածր կլինի մոտ 5-7 աստիճանով»,- տեղեկացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի տեղակալը:
Չնայած սրան դեկտեմբերի 10-ից օդերեւութաբանական իրադրությունը փոխվում է. սառն օդային հոսանքները նահանջում են՝ իրենց տեղը զիջելով Թուրքիայի տարածքից մոտեցող բավականին տաք օդային հոսանքներին: Դրանով պայմանավորված դեկտեմբերի 10-12-ը ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում 8-10 աստիճանով աստիճանաբար բարձրանալու է: Ամսի 10-ի երեկոյան եւ 11-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորում նաեւ հնարավոր են թույլ տեղումներ՝ ձյան տեսքով:
«Եւ ընդհանրապես, ամսի 10-ից հետո արդեն պարզ երկինք չենք ունենա: Հանրապետության տարածքում անընդհատ կգերակշռի ամպամածությունը, բայց տեղումներ կգրանցվեն դեկտեմբերի 10-ի երեկոյան, 11-ին եւ 13-ին եւ միայն Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորում: Հանրապետության մյուս կեսում՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում առաջիկա 5 օրերին կգերակշռի առանց տեղումների եղանակ»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը: