ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը պարտավոր է վերցնել մանդատները․ ԱԺ-ն պայքարի նոր ասպարեզ կդառնա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ պաշտոնապես չի ամփոփել վերջնական արդյունքները, սակայն ԱԺ անցած ընդդիմադիր երկու ուժերում բուռն քննարկումներ են գնում մանդատները վերցնել-չվերցնելու շուրջ։ Բանը հասել է այնտեղ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սկսել են մեղադրել «Պատիվ ունեմ» դաշինքին` մանդատների համար պայքարելու մեջ։ Դաշինքում դեռ վերջնականապես չեն որոշել այդ հարցը, իսկ ընտրական ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը նախօրեին ասուլիսում հայտնել էր․ «Եթե որոշում կայացվի, որ դաշինքը ի վերջո գնում է խորհրդարան, վերցնում է մանդատները, միանշանակ ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում»։ Արթուր Վանեցյանն ինքն էլ ցավով նշել էր, թե մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի գոծունեության համար, այսինքն, եթե իրենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել։ Այս առումով, ընդդիմությունը պարզապես պարտավոր է վերցնել մանդատներն ու ակտիվորեն պայքարը շարունակել հենց խորհրդարանի պատերից ներս։

Սահմանադրական մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիրը» շատ էլ ուրախ կլինի, եթե ընդդիմադիր խմբակցությունները չգնան Ազգային ժողով։ Ապիկար իշխանությունները հերսոտում են կոշտ և արդարացի քննադատության ցանկացած դրսևորումից, իսկ ընդդիմության բացակայության պայմաններում կարող են մի ճոճանակ կամ սղարան դնել, զբաղվել իրենց հոգեհարազատ մանկական խաղերով, ու չի լինի որևէ մեկը, ով կխախտի նրանց իդիլիան։ Նաև չմոռանանք, որ 2017-ին 7 տոկոս քվե ստացած «Ելք» դաշինքի մի մասը կարողացավ օգտագործել խորհրդարանի ամբիոնը, փողոց հանել հազարավոր մարդկանց։

Հայաստանյան խորհրդարանի պատմությունը նաև ապացուցում է բոյկոտի անարդյունավետությունը։ 7-րդ գումարումը դրա վառ ապացույցն է։ Ընդդիմադիր ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն բազմիցս բոյկոտել են նիստերը, հրաժարվել մասնակցել այս կամ այն հարցի քննարկմանը, և մեծամասնությունը շվվացնելով արել է իր սրտի ուզածը։ Իսկ լուրջ և պատրաստված ընդդիմությունը կարող է փչացնել Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակիցների տրամադրությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում կլինի քանակապես ամենափոքր ուժը, սակայն կարող է իր որակյալ կազմով լուրջ մրցակից լինել փաշինյանականներին։ Ի վերջո, խորհրդարան են անցնում Ազգային անվտանգության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, Երևանի բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքագետ Հայկ Մամիջանյանը, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, անվտանգության հարցերի լավագույն փորձագետներից մեկը՝ Տիգրան Աբրահամյանը և այլոք։ «Քաղաքացիական պայմանագրի» դժգույն և դժբախտ պատգամավորների ֆոնին նրանք միանշանակ կարող են օրակարգ թելադրել Ազգային ժողովում։

Ֆելիքս Լևոնյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular