ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մամուլն ու Նիկոլ Փաշինյանն անհամատեղելի են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական ընտրություններից հետո մամուլի դեմ Փաշինյանի հարձակումները սկսել են ուժգնանալ և առաջիկայում առավել մեծ ծավալների են հասնելու։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արեցին՝ մամուլի դաշտը ապականելու համար։ Չորրորդ իշխանության հետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները ի սկզբանե լավ չդասավորվեցին։ «Հեղափոխության» ժամանակ գրեթե բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները կանգնած էին հեղափոխության կողքին, օրուգիշեր լուսաբանում էին բողոքի ակցիաները, տասնյակ կիլոմետրեր քայլում ցուցարարների հետ։ Լրագրողները ևս, սխալմամբ կարծում էին, թե նախկին լրագրողն ու նրա թիմում հանգրվանած գործընկերները ոչ միայն կլուծեն երկրի առջև ծառացած խնդիրները, այլև կկարգավորեն մամուլի դաշտը, կմաքրեն ֆեյքերից և ապատեղեկատվությունից, գովազդների բաշխման արդարացի համակարգ կներդնեն, գործուն քայլեր կձեռնարկեն մամուլի դաշտը մաքրելու ուղղությամբ։ Ստացվեց բոլորովին հակառակը․․․

Նիկոլ Փաշինյանը վարչապետին առընթեր ՊՈԱԿ-ը վերածեց ԶԼՄ-ների հետ հաշիվներ մաքրելու գործիքի, իսկ պատգամավոր ու պաշտոնյա դարձած նախկին լրագրողները իսկական արշավ սկսեցին իրենց ապօրինությունները քննադատող ԶԼՄ-ների դեմ։ Երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը դարձավ մամուլի թիվ մեկ թշնամին, սակայն չկարողացավ նեղել և ոչնչացնել ընդդիմադիր մամուլը։ Խոստովանենք` հաջողվեց սասանել ԶԼՄ-ների հեղինակությունը, դրան նպաստեցին շատ լրագրողներ և լրատվամիջոցներ ևս, սակայն առանց անկախ մամուլի գոյության Հայաստանում իրավիճակն ավելի վատը կդառնար։

Այսօր, երբ Փաշինյանը վարչական ռեսուրսի միջոցով կրկին ձեռք է գցել վարչապետի աթոռը, նոր արշավ է սկսել մամուլի դեմ։ Կեղծ լուրերի դեմ պայքարի շղարշի տակ Փաշինյանն ու իր խամաճիկները նոր գործիքներ են մշակում ընդդիմադիր մամուլին լռեցնելու, ֆինանսական առանց այն էլ սակավ միջոցներից կտրելու, սոցցանցերում ԶԼՄ-ների և լրագրողների էջերը փակելու ուղղությամբ։ Կհաջողի՞ Փաշինյանը, կախված է լրագրողներից։ Պայքարը չպետք է դադարեցնել։

Գագիկ Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular