ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության քայլերից է կախված թե երկրում արտագաղթ կլինի, թե ոչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է , որ երկրում արտագաղթի միտում կա:

Այս թեմայով զրուցել ենք ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ։

Հարցին ,թե երկրում արդյոք փոխվել է արտագաղթի պատկերը` Արտակ Մարկոսյանը պատասխանել է․ «Շատ դժվար է ասել թե ինչ է փոխվել: Ես անձամբ այդպիսի հստակ գործընթաց չեմ տեսնում: Հիմա ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ պատրաստվում ենք հետազոտություն անցկացնել, որը անմիջականորեն չի վերաբերում միգրացիոն գործընթացներին, բայց կարծում եմ, որ այդ հետազոտության արդյունքում կհասկանանք նաև, թե արդյոք արտագաղթի միտումներ կան, թե ոչ: Կոնկրետ դա վերաբերելու է հետպատերազմյան շրջանի ժողովրդագրական գործընթացների ուսումնասիրությանը, նաև նախորդ տարի Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում արձանագրված ծնելիության աննախադեպ նվազման պատճառներն ենք հետազոտելու, ինչպես նաև ընդգրկվելու են Տավուշի և Սյունիքի մարզերը: Այդ հետազոտություններից հետո ես անձամբ կարող եմ պատասխանել, թե ինչ միտումներ կան, ինչ գործընթացներ կան, որ այս պահին կամ առաջիկայում կարող են տեղի ունենալ միգրացիոն դաշտում: Բայց այս պահին, քանի որ հստակ որևէ բան չկա, շատ դժվար է ասել:

Այո, ունենք բավականին մեծ աշխատանքային միգրացիոն գործընթացներ, որը նախորդ տարիներից շատ ավելի մեծ է: Բայց մշտական միգրացիայի մասին դեռևս փաստարկված որևէ տվյալ չկա, որպեսզի ասենք, որ տեղի է ունենում շատ ակտիվ մշտական միգրացիա»։

Անդրադառնալով այն հարցին, թե այս ընտրություններից հետո արդյոք հիասթափվածների մեծ զանգված կա, որը կհեռանա երկրից` ժողովրդագրագետը պատասխանել է․ «Ոչ, չունեցանք: Ինձ համար մի քիչ զարմանալի է, որ բավականին ապահովված մարդիկ կան, որոնք ասում են, որ գնալու են երկրից, միայն նրա համար, որ իրենց ուզած մարդիկ չեն ընտրվել: Ի՞նչ է ստացվում, մենք հայրենիքը պետք է գնահատենք ընտրություններո՞վ կամ նրանով, թե այս կամ այն անձը, որ ճամբարում է գտնվո՞ւմ: Հիմա շատ բան կախված է կառավարության գործունեությունից: Այո, պետք է կազմավորվի նոր կառավարություն, նոր խորհրդարան և արդեն նրանց գործունեությունից շատ մեծ բան է կախված: Պետք է տեսնենք, թե կառավարությունն իր գործունեության հիմնական շեշտն ինչի վրա է դնում, ինչպիսի բարեփոխումներ կանեն, ինչպիսի բարելավում տեղի կունենա երկրում:

Այսօր կարելի է ասել, որ արտագաղթի լինել-չլինելու բանալին գտնվում է կառավարության ձեռքին: Կախված է նրանից, թե կառավարության ինչպիսի կազմ կլինի, ինչպիսի բարեփոխումներ կլինեն, ինչպիսի փոփոխություններ կլինեն հասարակության կյանքի բոլոր ոլորտներում՝ լինի տնտեսական, սոցիալական, առողջապահական, դատաիրավական և այլն: Լրջագույն բարեփոխումներ են անհրաժեշտ: Մոտակա մեկ տարին շատ վճռորոշ է լինելու, որպեսզի մարդիկ հասկանան, թե արդյոք նոր կառավարությունն ի զորու է, ի վերջո, լուծել այն խնդիրները, որոնք կանգնած են երկրի առջև: Չմոռանանք, որ մենք ունենք անվտանգության խնդիր, ռազմագերիների վերադարձի խնդիր: Կառավարությունը պետք է ցույց տա, որ ինքն ունակ է լուծելու այդ խնդիրները: Դրանից հետո միայն կերևա, թե մենք ինչ գործընթացներ կունենանք միգրացիոն դաշտում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular