ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապագա կա՞․ Փաշինյանը շարունակում է վտանգել մեր սահմանները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից ամիսներ անց Հայաստանի ինքնիշխան տարածքը դեռ վտանգված է։ Ադրբեջանական զինված հրոսակները՝ շուրջ հազար հոգի, շարունակում են մնալ Հայաստանի տարածքում։ Նախընտրական շրջանում որոշակի կասկածելի զսպվածությունից հետո ադրբեջանցիները սկսել են իրենց լկտիությունները, և ահաբեկում, վախեցնում են սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչներին։ Նախօրեին ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ հրազենով սպառնացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներին և թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է արձանագրում, որ երբ ՀՀ քաղաքացիները գտնվել են ադրբեջանական դիրքից մոտ 300 մետր հեռավորության վրա՝ Տեղ համայնքի վարչական տարածքի մեջ, նկատել են, որ ադրբեջանական 5 զինված ծառայող ագրեսիվ պահվածքով և գոռգոռալով մոտենում են իրենց:

«Մոտ 150 մետր մոտենալով՝ նրանք դեպի գյուղացիներն են ուղղել զենքերը և սկսել են սպառնալ, գոռգոռալ ու թույլ չեն տվել հավաքել խոտը: Նրանցից երկուսն առավել ագրեսիվ պահվածքով են եղել ու գյուղացիներից պահանջել են, որ այդ տարածքներ այլևս ընդհանրապես չգան և չփորձեն օգտվել հողերից: Միջադեպը տեղի է ունեցել Անդրուն քարեր կոչվող վայրում, որը գտնվում է Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման կետում: Այդ վայրի հողատարածքներից օգտվում են նշված երեք գյուղի բնակիչները»,- արձանագրել Արման Թաթոյանը՝ նշելով, որ խոտը կարողացել են հավաքել միայն  ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ղեկավար կազմի ներկայությամբ։

Պաշտպանը հատուկ ընդգծում է՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների նման բացահայտ հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն»,- նշել է Թաթոյանը և հավելել, թե այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանությունը բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:

Իսկ յոթ ամսից ավելի ՀՀ իշխանությունները մատը մատին չեն խփում անվտանգության գոտի ստեղծելու, ադրբեջանական հրոսակներին ՀՀ ինքնիշխան տարածքից վռնդելու ուղղությամբ։ Եթե սկզբնական շրջանում կարելի էր կարծել, թե իշխանությունը պարզապես «դուխ» չունի ՀՀ կենսական շահերը առաջ մղելու հարցում, ապա այսօր վստահաբար կարելի է ասել այդ վարքագիծը դիտավորություն է։ Նիկոլ Փաշինյանը հայ գյուղացուն միայնակ է թողել թշնամու դեմ։ Իսկ գյուղացին այդպիսի պայմաններում երկար չի կարողանալու ապահովել իր ընտանիքի հացն ու անվտանգությունը, ի վերջո նյարդայնանալու և լքելու է իր բնօրրանը։ Փաշինյանի համար էլ բարդություն չի ներկայացնի ՀՀ տարածքից խոշոր կտորներ նվիրել իր «կիրթ» գործընկեր Ալիևին, մեղքն էլ բարդել իրեն քվե տված ՀՀ քաղաքացիների վրա։

Դանիել Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular