ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չեմ կարող հասկանալ գերմանացի քաղաքական գործիչների վախը Էրդողանից. Սերժ Սարգսյանը՝ Bild-ին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումների նախօրեին հարցազրույց է տվել Bild գերմանական պարբերականի լրագրող Պաուլ Ռոնցհայմերին:

NEWS.am-ը թարգմանաբար ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:

-Պարո՛ն նախագահ, հունիսի 2-ին Բունդեսթագում հայերի մասին բանաձեւ կդրվի քվեարկության: Ինչո՞ւ է այդքան կարեւոր, որ Գերմանիայի խորհրդարանը ճանաչի 1915-1916թթ. Հայոց ցեղասպանությունը:

Խոսքը 1915-ի դաժան հանցագործության հայ նահատակներին հիշելու եւ հիշատակը վառ պահելու մասին է: Գերմանիայի նախագահը դեռ անցյալ տարի հստակ բառեր գտավ կատարվածը նկարագրելու համար եւ հանցագործությանը տվեց այն որակումը, ինչ իրականում եղել է՝ ցեղասպանություն: Մեր երկրի համար շատ կարեւոր է, որ Բունդեսթագն ուզում է ընդունել այդ բանաձեւը: Սակայն ոչ միայն դա է կարեւոր, այլ նաեւ այն, որ նման ցեղասպանություն այլեւս աշխարհի ոչ մի կետում չպետք է տեղի ունենա:

-Գերմանացի շատ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախարարներ, ցանկանում են ձեռնպահ մնալ բանաձեւի օգտին քվեարկելուց: Նրանք վախենում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը ժխտում է Ցեղասպանությունը, կարող է քաղաքական վրեժ լուծել:

Գերմանացի քաղաքական գործիչներից ոչ ոք չի վիճարկում, որ դա ցեղասպանություն էր, որը դարձավ 101 տարի առաջ 20-րդ դարի առաջին սիստեմատիկ ցեղասպանությունը: Անգամ նրանք, ովքեր հիմա հանկարծ դեմ են բանաձեւին, չեն վիճարկում դա: Ես կարծում եմ, որ գերմանացի քաղաքական գործիչների համար համամարդկային արժեքներն ավելի կարեւոր պիտի լինեն, քան կարճաժամկետ քաղաքական շահերը: Շատ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, արդեն նման բանաձեւեր են ընդունել:

-Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվությո՞ւն է կրում:

Այո, ես կարծում եմ՝ այո: Գերմանական արխիվներում բազմաթիվ փաստաթղթեր եւ գերմանացի դիվանագետների ու միսիոներների զեկույցներ կան, որոնք նկարագրում են հայ ժողովրդի ցեղասպան բնաջնջումը: Եվ պատմականորեն Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության դաշնակիցն էր ու կարող էր այդ հանցագործության դեմ ինչ-որ բան ձեռնարկել: Սակայն ոչ մի նման բան չպատահեց:

-Դուք ըմբռնումո՞վ եք մոտենում, որ գերմանացի քաղաքական գործիչները վախենում են էրդողանի սուր արձագանքից:

Ոչ, ես չեմ կարող դա հասկանալ: Գերմանիան հզոր երկիր է, եւ Բունդեսթագի ձայնը աշխարհում ամենուր լսելի է: Եվ հենց այդ պատճառով Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում ու իրավունք չունի բարոյական հարցերում, ինչպես օրինակ, արժեքները պաշտպանելն է, զիջումների գնա: Երբ մարդ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջում է անում, ապա եւս մեկ անգամ կանի: Եվ դա վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլ նաեւ Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի:

-Իսկ ի՞նչ կլինի, եթե էրդողանը Բունդեսթագի բանաձեւից հետո փախստականների գործարքը տապալի:

Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ առանց դրա էլ այդ գործարքը խախուտ հիմքերի վրա է եւ այնպիսի գործընկերով հետ, ինչպիսին Թուրքիան է, դժվար է մշտապես դա կյանքի կոչել: Եվ հաստատ վստահ եմ, որ փախստականների գործարքի տապալումը ոչ մի կապ չունի ցեղասպանության բանաձեւ հետ: Արդարացի չէ, որ Հայոց ցեղասպանությունը չանվանվի ցեղասպանություն, միայն որովհետեւ մեկ այլ երկրի նախագահ դրանից կզայրանա: Բունդեսթագի քաղաքական գործիչները դա նույն կերպ են ընկալում եւ թույլ չեն տա իրենց վախեցնել:

-Կարո՞ղ է Եվրոպան առհասարակ էրդողանին ինչ-որ կերպ վստահել:

Ես չեմ կարող Եվրոպայի փոխարեն խոսել, սակայն կարող եմ իմ սեփական փորձից ասել, որ մենք Էրդողանին չենք վստահում: Եվ հարցը միայն Ցեղասպանությունը ժխտելը չէ: Մենք տարիներ շարունակ փորձել ենք դիվանագիտական հարաբերություններ կառուցել: Եղան Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք Թուրքիայի խորհրդարանը պետք է վավերացներ: Սակայն Էրդողանը դա արգելափակեց: Ինչ՞ի համար էինք մենք առհասարակ բանակցում այդ դեպքում:

Ըստ իս՝ Եվրոպան չպետք է Թուրքիային կուրորեն վստահի, այլ փախստականների խնդրի լուծման սեփական լուծումները գտնի:

Հայաստանը պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի համար: Ինչպիսի՞ն է իրավիճակն այնտեղ:

Այս պահին իրավիճակը հանդարտ է, կրակոցներ չկան: Սակայն երբ սկսվեց Ադրբեջանի զինված հարձակումը, մենք չտեսանք միջազգային համերաշխություն: Մենք կցանկանայինք, որպեսզի ավելի հստակ արտահայտվեր, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, այն է՝ Ադրբեջանի հարձակում:

-Ի՞նչ եք Դուք պահանջում միջազգային հանրությունից:

Հայաստանը փոքր երկիր է: Մեզ համար պարզ է, որ մենք տնտեսապես միգուցե պակաս հետաքրքիր ենք: Մեզ համար կարեւոր է, որ անարդարությունն անարդարություն կոչվի: Մեզ համար առաջին հերթին բավական կլիեր, որ բավականաչափ քանակով եվրոպական ձայներ Ադրբեջանի արարքը դատապարտեին: Երբ դա չբավականացնի, որպես հետագա քայլ՝ կարող ենք պատկերացնել նաեւ պատժամիջոցները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular