ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամբողջովին ձախողեց կորոնավիրուսի դեմ պայքարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամբողջովին ձախողեց կորոնավիրուսի դեմ պայքարը, և ամենամեծ պատճառը իշխանությունների նկատմամբ տոտալ անվստահությունն է։ Եթե արտահերթ ընտրություններում հանրության մի զգալի հատվածը նախկինների ահից գնաց և ընտրեց Փաշինյանին, ապա կորոնավիրուսի արտակարգ պայքարում նույն այդ հանրությունը բացարձակապես չի վստահում Փաշինյանին։ Իշխանությունն ինքն էլ նախօրեին ստիպված էր խոստովանել, որ հաջողվել է պատվաստել բնակչության ընդամենը երկու տոկոսին, իսկ լիակատար պատվաստում՝ երկու ներարկում ստացել է ՀՀ բնակչության 0,5 տոկոսից էլ պակասը։ Հայաստանն այժմ կանգնած է կորոնվիրուսի չորրորդ ալիքի վտանգի առջև, և, ըստ մասնագետների, առաջիկա շաբաթներին քովիդով վարակվածների թիվը կհասնի օրական առնվազն 600-ի։ Այսօրվա դրությամբ, նոր վարակվածների թիվը 126 է։ Համավարակի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 221 դեպք, որոնցից 4517-ը` մահվան ելքով: Եվս 1100 մարդ էլ մահացել է կորոնավիրուսի հետևանքով բարդացած այլ հիվանդություններից։

Պատվաստման տեմպերով Հայաստանը գտնվում է Կոնգոյի, Ուգանդայի, Գամբիայի հետ նույն շարքում՝ զիջելով անգամ Աֆղանստանին, Իրաքին, Ղրղզստանին։ Մեր անմիջական հարևանները մի քանի անգամ գերազանցում են իրենց տվյալներով։ Վրաստանում մեկ ներարկում ստացել է բնակչության 6,5 տոկոսը, երկու ներարկում՝ 2,5 տոկոսը։ Ադրբեջանում այդ թվերը 21,25 և 12,20 տոկոս են, իսկ Թուրքիայում՝ 40,29 և 17,66 տոկոս համապատասխանաբար։ Տարածաշրջանում պատվաստումների առումով ամենահետամնաց երկիրը Հայաստանն է։ Հինգ հազարից ավելի զոհ տալով կորոնավիրուսի հետևանքով՝ Հայաստանի իշխանությունն ինքը պետք է ագրեսիվ քարոզարշավ իրականացներ, սակայն պատերազմի ընթացքում իշխանական քարոզչամեքենայի սուտն ու կեղծիքը ճաշակած հանրությունը չի կարող վստահել նաև պատվաստումների հարցում։ Իսկ հարկադիր պատվաստումներ անելու ռեսուրս պոպուլիստ իշխանությունը չունի։ Արդյունքում, կորոնավիրուսի «դելտա» տարատեսակի տարածման դեպքում զոհերի թիվն ավելի կաճի, իսկ ձախողակ իշխանությունը որևէ պատասխանատվություն չի ստանձնի իր արածի համար։

Զավեն Մովսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular