ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր դատաիրավական համակարգը մեր պետության, հասարակության աքիլլեսյան գարշապարն է. Նորայր Նորիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունն արդեն սկսել է կիրառել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, մասնավորապես, կալանք է դրվել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի գույքի վրա: 

Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։ Հարցին, թե փաստաբանն ինչպես է գնահատում տեղի ունեցածը Նորայր Նորիկյանը պատասխանել է․ «Ես այդ օրենքի ընդունմանն ու փիլիսոփայությանը կողմ եմ արտահայտվել, ողջունել եմ այդ գաղափարը: Օրենքն ընդունվել է անցած տարի և հիմա, որքան հասկանում եմ, հրապարակվել է տեղեկություն՝ 400-ից ավելի գործերով ուսումնասիրություններ են անցկացվում, դրանցից երեքի վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտված են: Կարելի է արձանագրել, որ մենք գտնվում ենք այս գործընթացի ակտիվ փուլում: Դեռևս վաղ է վերջնական ինչ-որ դատողություններ անել, այնուամենայնիվ, մենք ուշիուշով հետևում ենք: Այստեղ ոչ թե թվերն են ուշագրավ, այլ կոնկրետ արդյունքը, մենք կտեսնենք, թե ինչ գործունեություն են ծավալում գլխավոր դատախազությունը, դատարանները և արդյոք վերջնական արդյունքում կունենանք այնպիսի փաստական տվյալներ, որոնք հիմք կտան արձանագրելու, որ այդ օրենքը կյանքի է կոչվում և որևէ անձեռնմխելի սուբյեկտ այդ օրենքի գործունեության տեսադաշտից դուրս չի սպրդում»։

Անդրադառնալով այն հարցին, թե դատարանները արդյոք հնարավոր է, որ Վովա Գասպարյանի գույքն ապօրինի չհամարեն, փաստաբանը պատասխանել է «Ես ոչինչ չեմ կարող ասել, բացի արձանագրելուց, որ մեր դատաիրավական համակարգը մեր պետության, հասարակության աքիլլեսյան գարշապարն է: Մենք այդտեղ լրջագույն խնդիր ունենք, և ես, այո, չեմ բացառում, ավելին, ունեմ այդ մտավախությունը, որ մեր որոշ դատարաններ կարող են այնպիսի «արդարադատություն» իրականացնել, որն ամբողջովին սպառնալիքի տակ դնի ընդհանրապես արդարադատության գործունեությունը Հայաստանում, ինչպես որ եղել է: Այստեղ է, որ մենք պետք է կարողանանք վիրահատական միջամտություն իրականացնել և համալիր կերպով փորձենք լուծել խնդիրը: Այո, պետք է հանդգնել, պետք է ուղղակիորեն հասկանալ, որ դատական համակարգի չկայացածությունը և դատական համակարգի որոշ սուբյեկտների կողմից արդարադատություն չիրականացնելը ուղղակի ազգային անվտանգության սպառնալիք են, սպառնալիք տնտեսության համար, հասարակության բարեկեցության համար, արդարադատության հաստատման համար և առհասարակ պետական ինստիտուտների բնականոն գործունեության համար: Ամենավտանգավորը, դա սպառնալիք է այն առումով, որ, արդարադատության չիրականացմամբ, որոշ դատարաններ նպաստում են հանցագործների ազատության մեջ վխտալուն, հետևաբար՝ իրենց հանցավոր գործունեությունը շարունակելուն: Այս առումով մենք լրջագույն մարտահրավերի առջև ենք կանգնել: Տեսնենք, թե ինչպիսի փոփոխություններ կլինեն առաջիկայում։ Այնպես որ, լինի Վովա Գասպարյանը, թե մեկ ուրիշը, ինչ-որ մի փուլում, և լավ կլինի հնարավորինս շուտ օրենքը պետք է կիրառվի հենց նման մարդկանց համար, որպեսզի հանրության մոտ չարմատանա այն համոզմունքը, որ օրենքը գործում է միայն չարքաշ մարդկանց համար: Այո, օրենքը պետք է հենց ի սկզբանե առաջին հերթին գործի «ամենակարողների», ամենաունևորների և բոլոր տեսակի «հարց լուծողների» նկատմամբ, որպեսզի մնացածի ականջներին էլ օղ լինի, որ որևէ մեկին տրված չէ սեփական երկիրը վերածել անձնական տարածքի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular